ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ․ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԲԱՔՎԻ ՇԱՀԵՐԻՆ

Բրյուսելում ժամեր առաջ ավարտված՝ Ադրբեջանի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի  և Հայաստանի վարչապետի հանդիպման արդյունքներով ձեռք բերված համաձայնությունները համապատասխանում են Բաքվի շահերին:
Այս մասին հայտարարում է Ադրբեջանի արտգործնախարարությունը։
Գերատեսչությունը հանդիպումը գնահատում է որպես «կարևոր քայլ տարածաշրջանային անվտանգության հարցում»։
«Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հանդիպումը՝ Եվրամիության խորհրդի նախագահի մասնակցությամբ, կարևոր քայլ է խաղաղության ու անվտանգության պայմաններում տարածաշրջանի ապագա զարգացումն ապահովելու գործում և համապատասխանում է Բաքվի շահերին», - ասված է հայտարարությունում։
Ըստ հայտարարության՝ հանդիպման արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել հանձնարարել երկու երկրների արտգործնախարարներին «սկսել աշխատանքը ապագա խաղաղության պայմանագրի վրա՝ մեկ տարի առաջ Ադրբեջանի առաջ քաշած նախաձեռնության և որոշ ժամանակ առաջ Բաքվի ներկայացրած բազային սկզբունքների հիման վրա»։
Բացի այդ, կողմերը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերով համատեղ հանձնաժողով։
Պաշտոնական Բաքուն կարևորում է նաև մարդասիրական ու երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման հարցերին անդրադարձը եռակողմ հանդիպման ժամանակ։



Читайте также

Оставить комментарий