ԹՈՒՐՔԻԱՅԻ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԽԱԽՏՈՒՄԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՐԴԱՐԱՑՎԵԼ ՈՐԵՎԷ ՊԱՏՃԱՌՈՎ. ԷՐԴՈՂԱՆԸ՝ ՓԵԶԵՇՔԻԱՆԻՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ: «Անադոլու»-ի փոխանցմամբ՝ նրանք քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, այդ թվում՝ Թուրքիայի օդային տարածքում ևս մեկ իրանական բալիստիկ հրթիռ խոցելը։Էրդողանը Փեզեշքիանին ասել է, որ Թուրքիայի օդային տարածքի խախտումը «չի կարող արդարացվել որևէ պատճառով» և որ «Թուրքիան կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները դրա դեմ»։
Թուրքական կողմի հաղորդմամբ՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Փեզեշքիանի խնդրանքով այն բանից հետո, երբ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանից արձակված բալիստիկ հրթիռը, որը մտել էր Թուրքիայի օդային տարածք, խոցվել է Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության միջոցների կողմից։ Մարտի 4-ին ևս Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Իրանից արձակված բալիստիկ հրթիռը խոցելու մասին:
Թուրքիայի վրա բացասաբար են ազդում այն հակամարտությունները, որոնցում ինքը կողմ չէ, ասել է Էրդողանը իր իրանցի գործընկերոջը։
Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Անկարան հավանություն չի տալիս Իրանի դեմ անօրինական միջամտություններին և Իրանի կողմից տարածաշրջանի երկրների թիրախավորմանը՝ հավելելով, որ եղբայրական երկրների թիրախավորումը ոչ մեկի շահերից չի բխում և այդ գործողությունները պետք է դադարեցվեն։
Էրդողանը շեշտել է դիվանագիտության դուռը վերաբացլու անհրաժեշտությունը և ասել, որ Թուրքիան ակտիվորեն աշխատում է տարածաշրջանում դիվանագիտական ներգրավվածությունը խթանելու ուղղությամբ։

