ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐ. ԵՄ-Ն ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԲԱՔՎԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ ՈՒՂՂՎԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ՔԱՅԼ

Եվրամիությունը, ինչպես և միջազգային հանրությունը ողջունում է Բաքվի և Երևանի կողմից հարաբերությունների կարգավորմանը ուղղված ցանկացած քայլ և կարևորում է խնդիրների համակողմանի լուծման անհրաժեշտությունը, հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչը:
Տոյվո Կլաարը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ընդգծել է՝ Բաքվի կողմից Երևանին ներկայացված 5 կետանոց առաջարկը կարևոր է, բայց նույնքան կարևոր է նաև Հայաստանի պատասխանը:
Կլաարը նաև նշել է, որ Եվրամիության ուշադրության կենտրոնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցը, և իրենք ջանքեր են գործադրում այս ուղղությամբ:
Օրերս հենց Կլաարի միջնորդությամբ էին Բրյուսելում հանդիպել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ու Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Խոսելով այդ հանդիպման մասին՝ Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը նշել է՝ բանակցությունների նպատակն էր շարունակել ջանքերը երկու երկրների միջև խնդրահարույց հարցերի լուծման ուղղությամբ։ Նրա խոսքով, Հաջիևն ու Գրիգորյանը քննարկել են քաղաքական և անվտանգային իրավիճակը, երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները, ինչպես նաև իրենց առաջնորդների՝ Ալիևի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նախապատրասմանն ուղղված հարցեր։
Հաղորդվել էր, որ հայ և ադրբեջանցի պաշտոնյաները պայմանավորվել են կրկին հանդիպել՝ առաջիկա շաբաթներին, թե երբ և որտեղ՝ չէր հստակեցվել։
Տարածաշրջանի գծով Եվրամիության հատուկ ներկայացուցիչը նշել է՝ Բաքվի և Երևանի հետ այս քննարկումները թույլ են տալիս ավելի լավ հասկանալ՝ ինչ իրավիճակ է հիմա տեղում, և ինչ դեր կարող է ստանձնել Բրյուսելն այս գործընթացներում: Կլաարի խոսքով, իր հանդիպումներից հիմնականում դրական տպավորություններ է ստացել և հույս ունի, որ Եվրամիության ջանքերը կնպաստեն կողմերի միջև փոխզիջմանն ու չլուծված հարցերի հանգուցալուծմանը։


Читайте также

Оставить комментарий