Ինչու չմեկնեցին Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը. Խայտառակության ճանապարհը - Արամ Ամատունի

irevanaz.com

Չինաստանում տեղի ունեցած «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» միջազգային համաժողովին Հայաստանի բարձր մակարդակով չմասնակցելու հանգամանքը դարձել է որոշակի հանրային քննարկումների պատճառ: Խոսքը վերաբերում է համաժողովի, որ արդեն երկրորդ անգամ կազմակերպում է պաշտոնական Պեկինը՝ նոր Մետաքսի ճանապարհի նախաձեռնության շրջանակում, որի համար Չինաստանը ծախսում է տասնյակ միլիարդավոր դոլարներ: Ըստ տարբեր գնահատականների՝ Պեկինը պատրաստ է նախաձեռնության իրականացման համար ծախսել մոտ 100 միլիարդ դոլար:
Տնտեսական այդ նախաձեռնությունն անշուշտ Չինաստանի աշխարհաքաղաքական հավակնության յուրօրինակ դրսևորում է: Նախաձեռնության առնչությամբ առաջին համաժողովը տեղի ունեցավ 2017 թվականի մայիսի 15-16-ը: Հայաստանն առաջին համաժողովին էլ ներկայացված չէր բարձր մակարդակով՝ թե՛ նախագահի, թե՛ վարչապետի: Ավելին, Սերժ Սարգսյանն այդ օրերին պաշտոնական այց էր կատարել Կատար:
Փաստորեն, Չինաստանի մայրաքաղաքում կազմակերպված համաժողովին Հայաստանը նաև թավշյա հեղափոխությունից հետո չմասնակցեց առաջին դեմքի մակարդակով: Ո՞րն էր պատճառը՝ դեռևս պարզ չէ, համենայնդեպս այդ կապակցությամբ մեկնաբանություն պաշտոնական Երևանը, գոնե առայժմ, չի արել:
Մյուս կողմից՝ ի՞նչ կարող էր ակնկալել Հայաստանն այդ համաժողովից և մասնակցությունից թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում: Մեծ հաշվով՝ թերևս ոչինչ, որովհետև Հայաստանը հետ է մնացել իրադարձությունների զարգացումից շատ ավելի վաղ և միևնույն ժամանակ ունի նաև մի շարք օբյեկտիվ սահմանափակումներ, որոնք Երևանին թույլ չեն տալիս լինել չինական նոր Մետաքսի ճանապարհի նախաձեռնությունների, այսպես ասած, աշխույժ ռեժիմի դաշտում:
Բանն այն է, որ Հայաստանի երթուղին կարող է դիտարկվել Իրանի ուղղությունից՝ դեպի Վրաստան ու Եվրոպա: Սակայն մինչև Իրան հասնելու համար Չինաստանն անշուշտ պետք է «կտրի» շատ երկար ու բարդ քաղաքական ճանապարհ՝ շատ բարդ ռեգիոններով, միմյանց հետ բավականին դժվար և սուր խնդիրներ ունեցող պետությունների տարածքով: Այստեղ աշխույժ ռեժիմի մասին խոսելը խիստ վաղ է:
Մյուս կողմից, սակայն, Չինաստանի նախաձեռնությունն անշուշտ չի ենթադրում երթուղու բացարձակ ուղղակիություն: Այսինքն՝ չի նշանակում, որ բոլոր երթուղիները պետք է անպայմանորեն սկսվեն հենց Չինաստանից: Պեկինի խնդիրն ընդհանրապես համաշխարհային «երթուղային բաժնետիրությունն» է: Ըստ այդմ՝ այդ տրամաբանությամբ Չինաստանը կարող է հետաքրքրություն ցուցաբերել Իրան-Հայաստան-Վրաստան երթուղու կամ, ինչպես իրանական կողմն է մի շարք անգամներ բարձրաձայնել, Պարսից ծոց-Սև ծով գաղափարի նկատմամբ: Բայց այստեղ է, որ Հայաստանը կորցրել է տարիներ ու հետ է մնացել, և այդ գաղափարի համար Պեկինի համաժողով հասնելը իսկապես իզուր է՝ իզուր էր թե՛ այսօր, թե՛ 2017-ին: Եվ դա ունի մի շարք տնտեսական և քաղաքական, իսկ այժմ արդեն՝ աշխարհաքաղաքական պատճառներ:
Պարսից ծոց-Սև ծով գաղափարի առումով պետք է դիտարկել թերևս երկու հնարավոր ենթակառուցվածք՝ երկաթուղի և ավտոճանապարհ: 2008 թվականին Սերժ Սարգսյանը հռչակեց Իրան-Հայաստան երկաթուղու շինարարություն, սակայն Սարգսյանի հույսը թերևս ռուսական ներդրումներն էին: Զուգահեռ հենց 2008 թվականից ստորագրվեց Հայաստանի երկաթուղին 30 տարով ռուսական հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագիրը: Մի քանի տարի անց Ռուսական երկաթուղիների ղեկավար Յակունինը հայտարարեց, որ հայ-իրանական երկաթուղին պատ է, ոչ մի տեղ չտանող ճանապարհ: Տարիների ընթացքում, երբ պարզ դարձավ, որ ռուսներին դա չի հետաքրքրում՝ դարձյալ մի շարք տնտեսական ու քաղաքական պատճառներով, Սարգսյանը դիմեց չինացիներին: Սակայն հնարավոր է, որ չինացիների համար կա գործնական քայլի մի կարևոր պայման: Եթե Հայաստանի ամբողջ երկաթուղին տրված է ռուսական կառավարման, Պեկինը չունի Հայաստան-Իրան երկաթուղու միլիարդավոր դոլարների ծախսն իր վրա վերցնելու շարժառիթ:
Ինչ վերաբերում է ավտոճանապարհին, ապա այստեղ գործ ունենք Հյուսիս-Հարավի՝ տարիներ շարունակ գործնականում խայտառակ շինարարության հետ, որը այլ բան չէր, քան Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգը սպառվող ներքին ռեսուրսների պայմաններում արտաքին խոշոր վարկի ներգրավումով սնուցելու նախագիծ: Այդպիսով, իրականում կարևոր և նշանակալի գաղափարը վերածվել է հենց այդօրինակ շահադիտական մի աղբյուրի, ինչի մասին են հուշում թավշյա հեղափոխությունից հետո հարուցված մի շարք քրեական գործեր, որոնք վերաբերում են նախկին տարիներին այդ ճանապարհի խայտառակ շինարարությանը:
Այդպիսով, Երևանը չինական նոր Մետաքսի ճանապարհի նախաձեռնության աշխույժ ռեժիմում հայտնվելու համար ունի հենց իր ներսում անցնելու բավականին կարևոր ճանապարհ…:



Читайте также

Оставить комментарий