Արա Բաբլոյանի նշանակումը Սերժ Սարգսյանի անվստահությունն է ՀՀԿ-ին

irevanaz.comՍերժ Սարգսյանը հանգուցալուծեց Ազգային ժողովի նախագահի դիլեման, ընդ որում բավականին անակնկալ հանգուցալուծմամբ: ՀՀԿ ԳՄ նիստում նա ԱԺ նախագահի թեկնածու առաջադրեց Արա Բաբլոյանին: Արա Բաբլոյանը ՀՀԿ համամասնական ցուցակի չորրորդ համարն էր, նա ՀՀԿ պատգամավոր էր նաև նախկին Ազգային ժողովում: Բայց այդ ամենով հանդերձ, Արա Բաբլոյանն ակնհայտորեն քաղաքական գործիչ չէ: Այսպես է մեկնաբանում «Առաջին լրատվական»-ում Սերժ Սարգսյանի որոշումը Արամ Ամատունին:
Նրա խոսքով՝ փաստորեն Սերժ Սարգսյանը նոր խորհրդարանի նախագահի պաշտոնի համար առաջադրում է ոչ քաղաքական գործչի, մարդու, որը չունի քաղաքական կենսագրություն: Սերժ Սարգսյանը պատահական նշանակումներ կամ կադրային պատահական լուծումներ չի անում, և Արա Բաբլոյանի նշանակումն ըստ էության Սարգսյանի հերթական ապտակն է ՀՀԿ-ին: Ապտակ այն իմաստով, որ Սարգսյանը փաստորեն ամբողջ ՀՀԿ-ում ըստ էության չի գտել գեթ մեկ քաղաքական գործիչ, որին կվստահեր Ազգային ժողովի նախագահի պաշտոնը:
Արա Բաբլոյանի նշանակումը Սերժ Սարգսյանի անվստահությունն է ՀՀԿ-ին: Այս երևույթը նոր չէ, սակայն ըստ էության ստանում է նոր դրսևորում և նոր երանգ: Բանն այն է, որ խոսքը հերթական անվստահության մասին չէ, հերթական դրսևորման մասին չէ: Տվյալ պարագայում խոսքը խորհրդարանական կառավարման մոդելի անցնող Հայաստանի Ազգային ժողովի նախագահի, այսինքն՝ թիվ մեկ քաղաքական օրգանի նախագահի մասին է: Եվ երբ այդ պաշտոնի նշանակումով Սերժ Սարգսյանն անվստահություն է հայտնում Հանրապետական կուսակցությանը, ապա սա արդեն համակարգային, խորքային մարտահրավեր է ՀՀԿ-ին կամ դրա «հին ոգուն», - նշում է Արամ Ամատունին:



Читайте также

Оставить комментарий