Ալեքսանդր Սկակով. «Սերժ Սարգսյանը մնալու ծրագրեր ունի. նա մեկնում է Մոսկվա՝ «դաբրո» ստանալու»
ՀՀ նախագահի վերջին այցելությունը Փարիզ և հանդիպումը նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, ինչպես նաև մարտի 14-ին նախատեսված այցը Մոսկվա ավելի շատ ներքաղաքական համատեքստ ունեն՝ կապված ընտրությունների և ներքաղաքական զարգացումների հետ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ ավելացնելով, որ Սերժ Սարգսյանը ծրագրում է մնալ երկրի ղեկավարի դերում, այդ պատճառով մեկնում է տարբեր մայրաքաղաքներ՝ ստանալու միջազգային գործընկերների աջակցությունը:
– Պարոն Սկակով, Սերժ Սարգսյանի այցը Փարիզ և առաջիկա այցելությունը Մոսկվա որքանո՞վ են կապված ղարաբաղյան հարցի հետ և որքանո՞վ են կապված Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների և առաջիկա ընտրությունների հետ:
– Ղարաբաղի շուրջ իրադրությունը, իհարկե, կարող է քննարկվել այդ այցելությունների ընթացքում, բայց դա չէ գլխավոր թեման, որովհետև գլխավորը Հայաստանի ներսում տիրող իրավիճակն է, ընտրությունները և Սարգսյանի ծրագրերը ապագայի մասին: Իր համար կարևոր է ստանալ աջակցություն իր ծրագրերի իրագործմանը և մնալ Հայաստանի իշխանության գլխին:
Իսկ Եվրամիության համար Ղարաբաղի հարցը ավելի քիչ նշանակություն ունի, առավել ևս, որ հիմքեր չկան ասելու, թե Եվրամիությունը կարող է ակտիվանալ այդ հարցում: Այսօր Եվրամիությունը շատ ավելի կարևոր խնդիրներ ունի, գլխավորը Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները կարգավորելն է: Ֆրանսիայի նախագահը հեռացող գործիչ է, և դժվար թե նա կարողանա զբաղվել ղարաբաղյան հարցի լուծմամբ: Ուստի, սա առավելապես կապված է երկրի ներքին իրավիճակի հետ:
– Դուք կարծում եք, որ Սերժ Սարգսյանը ծրագրում է մնա՞լ երկրի ղեկավարի դերում, ոչ թե փոխանցել իշխանությունը որևէ մեկի:
– Այլապես ի՞նչ իմաստ կար սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու: Կարծում եմ՝ դա ակնհայտ է: Ամեն ինչ արվել է այն նպատակով, որպեսզի Սերժ Սարգսյանը մնա՝ որպես ստվերային ղեկավար կամ իշխող կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի խոսնակ կամ էլ այլ տարբերակով:
– Իսկ Կարեն Կարապետյանը որևէ դեր չի՞ խաղում այստեղ:
– Խաղում է, իհարկե, խաղում է: Նրա վրա որոշակի հույսեր են դրել ոչ միայն Մոսկվայում, այլև Հայաստանում, բայց կարծում եմ՝ այդ հույսերը խանդ են առաջացնում նույն Սերժ Սարգսյանի մոտ, որին դուր չի գալիս վարչապետի դերակատարության մեծացումը և վերաբերմունքը նրա հանդեպ: