ՍՏԱՆԻՍԼԱՎ ՏԱՐԱՍՈՎ. «ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ՎԵՐՋԱՑԱԾ Է»

Այս շաբաթ սպասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Մոսկվա։ Անկալվում է, որ այս այցը նոր հանգրվան է դառնալու ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում։
Հիշեցնենք՝ նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին անգամ հեռախոսազրույց է ունեցել հունվարի 18-ին։ Իսկ ահա ՌԴ Ալիևը վերջին անգամ այցելել էր 2021թ․ նոյեմբերի 26-ին, երբ Սոչիում տեղի էր ունեցել ՀՀ-ի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։
Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը Ադրբեջանի նախագահի Մոսկվա կատարելիք այցը կապում է ոչ այնքան  Հարավային Կովկասում առկա խնդիրների, այլ ռուս-ուկրաինական ճգնաժամի հերթական փուլի հետ, որտեղ Ալիևը կարող է որոշակի դերակատարություն ունենալ․ «Մենք տեսնում ենք, որ այս հարցում ադրբեջանական դիվանագիտությունը ակտիվ միջնորդական ջանքերի քաղաքականություն է վարում։ Տեսնում ենք, որ  Ադրբեջանը Կիևի ու Մոսկվայի միջև միջնորդի դեր է  ուզում ստանձնել։ Հունվարի 18-ին Ալիևը Կիևում էր, հետագայում Պուտինի հետ երկխոսություն եղավ, գործընթացին միացավ նաև Էրդողանը։ Եթե Մոսկվան նախկինում այդ միջնորդական ջանքերի հնարավորությունը հերքում էր, ապա հիմա այդ տարբերակը դիտարկում է՝ որպես պահեստային։ Հավանաբար Ալիևի այցը կապված է  ռուս-ուկրաինական խնդիրների հետ, գուցե Մոսկվա այցելելիս նա իր հետ ինչ-որ  ուշագրավ ինֆորմացիա բերի», - «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Տարասովը։
Նա  այս կոնտեքստում ուշագրավ համարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ու Իլհամ Ալիևի խոսակցությունը․«Հարցն այն է, որ  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը սովորաբար շփվում է պաշտպանության նախարարների կամ արտաքին գործերի նախարարների հետ՝ ընդ որում հիմնականում ՆԱՏՕ անդամ պետությունների։ Ադրբեջանն այդպիսին չի հանդիսանում, այդ պատճառով էլ Ալիևի ու Ստոլտենբերգի զրույցը ինչ-որ աննորմալ, ապօրինի գործընթաց է թվում։ Կարճ ասած՝ այս ամենը  տպավորություն է  թողնում, որ Ալիևն այս բարդ գործընթացում ակտիվ խաղացողի տպավորություն է թողնում, ինչը Մոսկվայում նկատում են»։
Տարասովը քիչ հավանական է  համարում, որ Ալիևի՝ Մոսկվա կատարելիք այցի ընթացքում անդրադարձ կատարվի նաև ղարաբաղյան հակամարտության հարցերին։ Ըստ Տարասովի՝ թեման այժմ ակտուալ չէ․«Ղարաբաղը վերջացած է։ Նայեք, թե ինչ ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում Ալիևը՝ Ստոլտենբերգ, Պուտին..․ այլ գործիչներ։ Իսկ  ու՞մ հետ է  շփում ձեր արտաքին գործերի նախարարը կամ ընկեր Փաշինյանը։ Մոսկվայում  տպավորություն է, որ նստած դոլմա են ուտում»։
Տարասովն ընդգծեց՝ Մինսկի խումբը չի աշխատում, իսկ Երևանն այդ հարցի շուրջ լռում է․ «Հարցը վերջացած է։ Եվ տպավորություն է, որ հայերն էլ արդեն համակերպվել են այն իրավիճակին, որ Հայաստանը տարածաշրջանում գործոն չէ ու չի լինելու»։
Խոսելով այն մասին, որ նախկինում Մոսկվան մշտապես պահել է «պարիտետը» և Ադրբեջանի նախագահի այցին հաջորդել կամ նախորդել է ՀՀ ղեկավարի այցը, Տարասովը նշեց՝ այս անգամ Մոսկվան իր առջև նման խնդիր չի դնի․ «Պարիտետի մասին կարող էինք խոսել, եթե հարցն առնչվեր ղարաբաղյան հակամարտությանը, Հարավային Կովկասին։ Տվյալ դեպքում ես չեմ կարծում, թե  այցը կապ ունի տարածաշրջանում առկա խնդիրների հետ»,-եզրափակել է քաղաքագետը։


Читайте также

Оставить комментарий