Մի բլեֆի հետքերով, կամ Սերժ Սարգսյանի «չորս միլիոնի» լեգենդը

irevanaz.comՄԱԿ-ի կանխատեսումներով, Հայաստանի բնակչությունը 2035 թվականին կլինի վատթարագույն դեպքում 2.5-2.6 միլիոն, լավագույն դեպքում` 3.2 միլիոն մարդ:
Հայաստանի այսօրվա իրավիճակը և զարգացման մշուշոտ հեռանկարը տեղ չեն թողնում լավատեսական կանխատեսումների համար:
Սակայն ժողովրդագրական խնդիրը մեզ այս պահին առավելապես հետաքրքրում է ներքաղաքական զարգացումների համատեքստում, որովհետև 2040 թ-ին չորս միլիոնանոց Հայաստան ունենալու տեսլականը դրված է եղել Սերժ Սարգսյանի այս տարվա երկու ծրագրային ելույթների առանցքում: Այդ թեման նախագահն առաջին անգամ արծարծեց մայիսին` նոր խորհրդարանի անդրանիկ նիստում և, չնայած դրան հաջորդած մասնագիտական առարկություններին ու նույնիսկ հեգնանքին, «չորս միլիոնանոց Հայաստանի» թեզն առանցքային էր նաև Հայաստան-Սփյուռք համաժողովում Սերժ Սարգսյանի հնչեցրած ելույթում: Մի ղեկավար, որի պաշտոնավարման տասնամյակում Հայաստանը լքել են 800000-ից ավելի մարդ, չի կարող չգիտակցել իր խոսքի և իրականության անհամարժեքությունը, մանավանդ, որ Հայաստանի տնտեսությունը, մեղմ ասած, չի կարողանում հաղթահարել լճացման միտումները:
Մնում է ենթադրել, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունները, որոնք ամրապնդված չեն մասնագիտական հիմքով, ունեն ակնհայտ ներքաղաքական ենթատեքստ ու պայմանավորված են 2018-ի զարգացումներով:
Նույնիսկ այս պարագայում Սերժ Սարգսյանի խոսքը խոցելի է, որովհետև եթե նա «համազգային լիդերի» կերպարով փորձում է զարգացնել հայրենիքում հայահավաքման խնդիրը, ապա շեշտը պետք է դներ ոչ թե ամպագոռգոռ թվերի, կարգախոսային ձևակերպումների, այլ Հայաստանի արդիականացման ծրագրի վրա, որովհետև ակնհայտ է, որ մասշտաբային ներգաղթ կազմակերպելու համար` նախ պետք է կասեցնել արտագաղթը: Իսկ դա հնարավոր է անել բացառապես այն պարագայում, եթե Հայաստանում ստեղծվի մրցունակ մոդել` արդարացի և արդյունավետ կառավարման, ինստիտուցիոնալ բարեփոխումների միջոցով: Եթե Սարգսյանը չի ներկայացնում նման համապարփակ կոնցեպտ, ապա «չորս միլիոնի» տեսությունը դառնում է պարզունակ բլեֆ` ներքաղաքական կամ համազգային հարթակներում:
Իհարկե, չի բացառվում նաև, որ Սերժ Սարգսյանը միտումնավոր սրեց ժողովրդագրական խնդիրը` այդ գործոնը կառավարության գործունեության արդյունավետության չափորոշիչ դարձնելու և Կարեն Կարապետյանին խոցելի դարձնելու նպատակով: Այս վարկածը արժանահավատ է թվում Սարգսյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հարցազրույցի ֆոնին, որտեղ նա բաց տեքստով խոսել էր այն մասին, որ կառավարության գործունեության արդյունավետությունը չափելի է ոչ թե տնտեսական ոչինչ չասող ցուցանիշներով, այլ` արտագաղթի թվերով: Ֆարմանյանը նույնիսկ խոստացել էր, որ խորհրդարանում աշխատանքային խումբ է ձևավորելու` ժողովրդագրական խնդիրները քննարկելու նպատակով: Շատերը, ոչ առանց հիմքի, կարծում էին, որ խորհրդարանում ձևավորելու է մեխանիզմ, աշխատանքային գործիք, որը մաս է կազմելու Կարեն Կարապետյանին պաշտոնանկ անելու կամպանիային: Սակայն աշնանային նստաշրջանը կես դարձավ, իսկ Ֆարմանյանի նախաձեռնությունը դեռ մնում է օդում` ավելի ընդգծելով դրա ոչ թե դեմոգրաֆիական, այլ հենց քաղաքական ենթատեքստը: Ըստ ամենայնի` Ֆարմանյանը հապաղում է, որովհետև 2018-ի մասով դեռևս որոշակի չեն Սարգսյանի ծրագրերը:
Այս ամենով հանդերձ` «չորս միլիոնի» թեզը քաղաքական կատեգորիայից կամ նույնիսկ ապագայի տեսլականից վերածվում է հասարակ բլեֆի` մանավանդ ՄԱԿ-ի հրապարակած մասնագիտական ուսումնասիրությունների ֆոնին:
Սարգիս Արծրունի



Читайте также

Оставить комментарий