ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՉԻՆԱՍՏԱՆԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Թիենծին քաղաքում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հետ:ՉԺՀ նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և մասնակցությունը ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը: Սի Ծինփինն արժևորել է երկու երկրների միջև առկա բազմադարյա բարեկամական հարաբերությունները և հավելել, որ երկկողմ փոխգործակցությունը կայուն զարգացում է ապրում: Նա շեշտել է, որ ՉԺՀ-ն անվերապահորեն աջակցում է Հայաստանի Հանրապետության քաղաքական անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
Միաժամանակ, Սի Ծինփինը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը: Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին` նա կարևորել է Հայաստանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը` ընդգծելով, որ այն պետք է լիարժեք բացահայտի երկկողմ տնտեսական փոխգործակցության ներուժն ու հետևողական քայլեր ձեռնարկի այն իրացնելու համար:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսության բարձր մակարդակն իր արտացոլումն է գտնում նաև միմյանց համար կարևորություն ներկայացնող հարցերում փոխաջակցության ցուցաբերմամբ։ Վարչապետի խոսքով` Հայաստանը վերահաստատում է իր աջակցությունը «Մեկ Չինաստան» սկզբունքին:
Հանդիպման արդյունքներով կողմերը հայտարարել են, որ Հայաստանի և Չինաստանի միջև հաստատվում է ռազմավարական գործընկերություն, ինչի մասին ընդունվում է համատեղ հայտարարություն:

