Հայաստանը կրկին դառնում է կռվախնձոր մեծ տերություններրի ձեռքին

irevanaz.comՄարտի 24-ից 28-ը կայացավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: 
   Այցի արդյունքներով ստորագրվել է ավելի քան 10 փաստաթուղթ, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին» համատեղ հռչակագիր: Հայաստանը ողջունեց Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ Մետաքսե ճանապարհի տնտեսական գոտի ձևավորելու գաղափարը:
    Բացի քաղաքական հանդիպումներից՝ Չինաստանում Սերժ Սարգսյանը նաև մի շարք գործնական հանդիպումներ է ունեցել, որոնց արդյունքում, հնարավոր է, մոտ ապագայում Հայաստանում տեղի կունենան միլիարդավոր ներդրումներ:
Խոսքը գնում է մի քանի գազատուրբինային էլեկտրակայանների շինարարության մասին, որոնց արտադրած էլեկտրաէներգիան կարտահանվի Վրաստան և Իրան: Ըստ բանակցություններին մոտ կանգնած աղբյուրների՝ համաձայնություն ձեռք բերվելու դեպքում չինական կողմը կարող է Հայաստանի էներգետիկ ոլորտում 2 մլրդ դոլար ներդնել: Եթե չինական ջերմակայանները գործի դրվեն, ապա Հայաստանը կարող է հրաժարվել ռուսական կայանում արտադրվող թանկ էլեկտրաէներգիայից: Քաղաքական առումով արդյոք Ռուսաստանին ձեռնտու՞ է չինական կապիտալի մասսայական ներթափանցումը Հայաստան և Վրաստան: Մինչ հիմա Ռուսաստանն իր քաղաքական ազդեցությունը Հայաստանի վրա պայմանավորում էր այդ երկրում կատարած ներդրումների ծավալով: Ռուսները հպարտությամբ են նշում, որ Հայաստանի տնտեսության մեջ ներդրել են 3 միլիարդ դոլար, ավելի շատ՝ քան որևէ այլ երկիր: Դա՝ վերջին 15 տարիների ընթացքում: Չինացիները պատրաստ են 3-4 տարիների ընթացքում հասնել և նույնիսկ գերազանցել այդ ցուցանիշը: Չինական տնտեսական ազդեցության մեծացումը անխուսափելիորեն կբերի նաև նրա քաղաքական ազդեցության մեծացմանը: Ընդ որում՝ ոչ միայն առանձին վերցրած երկրում, այլև ամբողջ տարածաշրջանում: 
Հայաստանը հուսով է, որ հանուն քաղաքական շահերի՝ Ռուսաստանը կարող է հրաժարվել այդ ծրագրերի իրականացումից բխող տնտեսական շահույթից: Աղբյուրը հայտնում է, որ Մոսկվային համոզելու և նրա աջակցությունը ստանալու խնդիրն իր վրա է վերցրել չինական կողմը: Ի վերջո, այսօր Չինաստանը հանդիսանում է Ռուսաստանի միակ ռազմավարական գործընկերը և Մոսկվան չի ցանկանում կորցնել նրա աջակցությունը: Եվ այս ամենի ֆոնի վրա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը հայտարարել է, որ այժմ գտնվում են որոշում ընդունելու շատ լուրջ փուլում: «Ես այն չեմ ազդարարելու. կարծում եմ, որ որոշումը կհայտարարվի առաջիկայում: Մենք տեսնում ենք Եվրասիայում խոշոր ինտեգրացիոն նախաձեռնությունների միավորման հնարավորությունները, խոսքը վերաբերում Է մեր եվրասիական ինտեգրացիոն գործընթացին ու Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու վերաբերյալ ՉԺՀ-ի նախաձեռնություններին»,-լրագրողներին ասել Է Սլեպնյովը:
   Բացի այդ, տեղեկություն է տարածվել, որ Չինաստանն առաջարկել է 300 մլրդ ռուբլի ներդնել Կազան-Մոսկվա գերարագ երկաթուղային գծի կառուցման նախագծում: Այդ երկաթուղին կարող է Մետաքսե ճանապարհի մասը կազմել: Բացի այդ՝ Ռուսաստանը միացավ Չինաստանի կողմից ստեղծված Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին: Եվրասիական միությունը, որը դժվար թե ինքնուրույն գոյատևի, ըստ ամենայնի, որոշել է «միանալ» Չինաստանին: Մայիսի 8-ին Մոսկվայում կհավաքվեն Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի նախագահները: Հանդիպման ժամանակ, հավանաբար, պաշտոնապես հայտարարություն կընդունվի Չինաստանի հետ համագործակցության մասին:
Կմասնակցի՞ արդյոք Սերժ Սարգսյանը Մոսկվայում կայանալիք ԵՏՄ գագաթնաժողովին: Համենայնդեպս, Հայաստանի նախագահն առայժմ պաշտոնական հրավեր չի ստացել: Սակայն դա այդքան էլ կարևոր չէ, որովհետև Սերժ Սարգսյանը Պեկինում արդեն հայտարարել է Հայաստանի՝ Մետաքսե ճանապարհին միանալու մտադրության մասին, իր երկիրն անվանելով Կովկասում Չինաստանի գլխավոր գործընկեր: Միաժամանակ հրապարակվեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունը: «ԱՄՆ-ն Հայաստանի առևտրային գործընկերների ցանկում 5-րդն է, ինչը լավ է, բայց մենք սիրում ենք ամեն ինչում լինել առաջինը, եթե կարող ենք դա անել, ես ցանկանում եմ, որ մենք դա անենք»,-ասել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը: Սա, թերևս առաջին դեպքն է, երբ ԱՄՆ-ն հայտարարում է Հայաստանում իր հավակնությունների մասին: Մինչ այդ ամերիկացի դիվանագետները խոսում էին հարաբերությունների զարգացման, դրանց խորացման անհրաժեշտության մասին, բայց ոչ ավելին: Իսկ լինել առաջինը՝ նշանակում է մարտահրավեր նետել Ռուսաստանին, ով ներկայումս Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերն է: Մինչ հիմա Վաշինգտոնը խուսափում էր Մոսկվայի հետ մրցակցությունից: ԱՄՆ դեսպանի հայտարարությունը սիմպտոմատիկ է թվում Սերժ Սարգսյանի՝ Չինաստան կատարած այցի ֆոնի վրա: Չի բացառվում, որ Վաշինգտոնը որոշել է Հայաստանը չզիջել ոչ այնքան Ռուսաստանին, որքան Չինաստանին:



Читайте также

Оставить комментарий