Տուրբյերն Յագլանդ «ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից»

irevanaz.comՀայ-ադրբեջանական հակամարտության գոտում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից:

Այս մասին հայտարարել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյերն Յագլանդը, ով մտադիր է մոտ ապագայում այցելել Ադրբեջան: Եվրոպացի դիվանագետն իր կարծիքը հիմնավորել է զորքերի շփման գծում հաճախակի դարձած միջադեպերով և զինադադարի խախտումներով:

«Վերջին ժամանակներում զորքերի շփման գծում տեղի ունեցող` մարդկային կորուստներով միջադեպերը կարող են հանգեցնել վատթարագույն հետեւանքների: Քանի դեռ չի կարգավորվել հակամարտությունը, տարածաշրջանում պահպանվելու է պատերազմի վերսկսման վտանգը: Ադրբեջանն ու Հայաստանը, դառնալով Եվրախորհրդի անդամ, պարտավորվել են հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով: Հուսով եմ, որ իրավիճակը չի սրվի մինչև այդ աստիճան», - նշել է Յագլանդը:

Նա նշել է, որ բանակցային գործընթացը, որն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` Եվրոպայի խորհրդի լիազորությունների մեջ չի մտնում: «Սակայն, եթե մենք կարող ենք որեւէ լումա ներդնել Մինսկի գործընթացում, մենք դա կանենք մեծ բավարարվածությամբ: Խաղաղության հասնելու և կայունությունը վերականգնելու նպատակով ջանքերը համախմբելու համար` չափազանց կարևոր է ապահովել օրենքի գերակայությունը: Դա շատ կարևոր է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև բոլոր «սառեցված հակամարտությունների» կարգավորման համար», - ասել է Յագլանդը:



Читайте также

Оставить комментарий