Հիքմեթ Հաջիև. «Հայաստանն իր հայտարարություններով տապալում է բանակցային գործընթացը»
Հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է կրի փուլային բնույթ: Հայաստանն իր հայտարարություններով տապալում է բանակցային գործընթացը:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
Նախօրեին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, որ տարածքային զիջումներն անընդունելի են Երևանի համար:
«Հայաստանի ԱԳՆ ղեկավարի այդ հայտարարությունը զրոյի է հավասարեցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող բանակցությունները: Երևանի նման ապակառուցողական հայտարարությունները լուրջ հարված են հասցնում բանակցային գործընթացին: Սա նաև համանախագահների նկատմամբ անարգանքի դրսևորում է», - ասել է Հիքմեթ Հաջիևը:
Նախագահի օգնականն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի փուլային տարբերակով՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի հիման վրա: Փուլային տարբերակը ենթադրում է առաջին փուլում հայկական զորքերի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղի հարակից օկուպացված շրջաններից: Հաջիևը նշել է, որ նախօրեին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը նույնպես խոսել է հայ-ադրբեջանական հակամարտության փուլային կարգավորման մասին:
«Եթե Հայաստանը նման հայտարարություններով ուզում է դուրս գալ բանակցային գործընթացից, ապա պետք է բացահայտ ասի այդ մասին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, իրենց հերթին, պետք է արձագանքեն դրան», - ընդգծել է նա:
Հիքմեթ Հաջիևն ընդգծել է, որ Բաքվի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մնում է անփոփոխ: «Հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում՝ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա», - հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը: