Աուդրոնիուս Աժուբալիսը ներկայացրեց ԵԱՀԿ-ի առաջնահերթությունները
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության նախագահությունը այս տարի ստանձնեց Լիտվան։ Լիտվայի արտաքին գործերի նախարարը հինգշաբթի օրը Վիեննայում կայացած ասուլիսում ներկայացրել է ԵԱՀԿ-ն նախագահելու ընթացքում Լիտվայի համար առաջնահերթությունները:
Աուդրոնիուս Աժուբալիսը հայտարարել է, որ ամենաառաջնահերթ խնդիրներից է սառեցված հակամարտությունների լուծումը։ Այս տարի ԵԱՀԿ-ի «բարձր պարտավորություններից» կլինի տարածքային երկարատեւ վիճաբանությունների լուծումը:
«Սա միայն նախագահողին վերաբերող խնդիր չէ` սա խնդիր է մեր բոլորի համար։ ԵԱՀԿ-ի տարածքում առկա հակամարտությունների խաղաղ եւ բանակցային ճանապարհով կարգավորելը պետք է լինի մեր ամենաբարձր պարտավորությունը, մեր միասնական ամենաբարձր պարտավորությունը», - մամուլի ասուլիսում հայտարարել է Լիտվայի արտգործնախարարը։
Նա ասել է, որ Լիտվան ճնշում կգործադրի` վերականգնելու պաշտոնական բանակցությունները Մերձդնեստրի հարցով, ինչպես նաեւ Վրաստանում ԵԱՀԿ-ի ներկայությունը մեծացնելու համար։ Նա նաեւ նշել է, որ ԵԱՀԿ-ն ձգտելու է «լիցքավորել» Լեռնային Ղարաբաղի բանակցությունները։