Իլհամ Ալիև . «Եթե Հայաստանը խելամիտ մոտեցում դրսևորի, ապա դա կօգնի խնդրի լուծում գտնել»
Ադրբեջանի և Հայաստանի նախագահների՝ նախորդ տարվա նոյեմբերին Վիեննայում կայացած վերջին հանդիպումն ավելի լավատեսական էր, քան նախորդ հանդիպումները:
Այս մասին չորեքշաբթի՝ Բրյուսելում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ հրավիրված մամլո ասուլիսում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Եթե Հայաստանում խելամիտ մոտեցում դրսևորեն, ապա մենք կարող ենք բավականին արագ լուծել այդ խնդիրը», - հայտարարել է նախագահը:
Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հստակ հայտարարել են ստատուս-քվոյի անընդունելության մասին: Դա, նախագահի խոսքով, «լուրջ ուղերձ է Հայաստանին, քանի որ առկա ստատուս-քվոյի փոփոխության համար անհրաժեշտ է սկսել մեր օկուպացված տարածքների ազատման գործընթացը»:
«Մեզ մոտ դեռ կասկածներ կան կապված բանակցային գործընթացում Հայաստանի անկեղծության հետ: Հնարավոր է, որ նրանք ուղղակի ձգտում են պահպանել առկա ստատուս քվոն», - ասել է նախագահը:
Իլհամ Ալիևը նշել է, որ երկու երկրների արտգործնախարարներն արդեն հանդիպել են Վիեննայում կայացած նախագահների հանդիպումից հետո: Հաջորդ հանդիպումը պետք է տեղի ունենա հունվարի վերջին կամ փետրվարի սկզբներին: Առաջիկա շփումները, նախագահի խոսքով, ցուցադրում են Հայաստանի՝ խնդիրը կարգավորելու պատրաստակամության աստիճանը:
«Ես կցանկանայի լավատես լինել այս հարցում, որովհետև արդեն երկար ժամանակ է այդ խնդիրը չի գտնում իր լուծումը», - ասել է Իլհամ Ալիևը:
Նա ընդգծել է, որ առկա են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևեր, որոնք անուշադրության են մատնվում Հայաստանի կողմից: Այդ փաստաթղթերը Հայաստանից պահանջում են իր զորքերն անհապաղ դուրս բերել Ադրբեջանի տարածքներից:
Դա՝ միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է կազմում, ինչը ճանաչված է միջազգային հանրության կողմից», - հայտարարել է նախագահը: