Իլհամ Ալիև. «Առաջին անգամ մենք ականատես ենք լինում, որ բանակցային գործընթացը մտել է փակուղի»
«Կազանում տեղի ունեցած վերջին հանդիպումից հետո բանակցային գործընթացն արգելակվել է»:
«Հայաստանը չի ցանկանում նստել բանակցային սեղանի շուրջ: Ոչ միայն մեզ, այլև համայն աշխարհին մտահոգում է ադրբեջանական տարածքների օկուպացիան: Կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել երկու հարցի վրա: Ադրբեջանը հայկական ագրեսիայի զոհն է: Սա անժխտելի փաստ է: Հայաստանը շարունակում է օկուպացիայի տակ պահել Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների 20 տոկոսը»:
Այս մասին Գաբալայում ԵԱՀԿ-ի անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Պետության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է. «Պատմական տեսանկյունից այդ տարածքները բնակեցրել են ադրբեջանցիները: Իրավական տեսանկյունից՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի բաղկացուցիչ մասն է: Խորհրդային ժամանակներում եղել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ, նույնիսկ ոչ ինքնավար հանրապետություն, նա Հայաստանի հետ չունի վարչական սահմաններ: Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը տեղակայված է Ադրբեջանի տարածքներից ներս:
Մենք հարցի լուծման համար ունենք բազմակողմանի իրավական բազա: Կան ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից ընդունված չորս բանաձևեր, որոնք մինչ հիմա չեն կատարվել:
«Ադրբեջանը երբեք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղը։ Դրա համար էլ Հայաստանի համար առաջընթացի հասնելու լավագույն տարբերակը՝ դա 2009 թվականի վերջում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված առաջարկություններին վերադառնալն է: Ադրբեջանը աջակցում է դրանց։ Ըստ այդ առաջարկությունների՝ բոլոր օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, փախստականներն ու հարկադիր վերաբնակները պետք է վերադառնան իրենց հարազատ վայրեր: Միայն դրանից հետո կվերականգնվեն Հայաստանի հետ կապերը: Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը կորոշվի այն ժամանակ, երբ երկու կողմերը դրան պատրաստ կլինեն:
Դրանից հետո, ահա արդեն ավելի քան երկու տարի է բանակցային գործընթացը գտնվում է լճացման փուլում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների նախագահների հայտարարությունը՝ հատկապես ստատուս-քվոյի անընդունելիության մասին, մեզ շատ ոգևորեցին։ Սակայն Հայաստանը ձգտում է պահպանել ստատուս-քվոն և չի ցանկանում նստել բանակցությունների սեղանի շուրջ։
Նրանց բոլոր սադրիչ գործողություններն ու հայտարարությունները մի նպատակ են հետապնդում՝ ձգձգել հակամարտության կարգավորումը։ Նրանք պետք է հասկանան, որ այլևս չեն կարողանա պահպանել ստատուս-քվոն։ Ուժերի հավասարակշռությունը փոխվում է: Ադրբեջանն արդեն այդ երկիրը չէ, ինչպիսին եղել է 20 տարի առաջ։ Հայաստանը պետք է գիտակցի, որ նրա ապագան կախված է տարածաշրջանի զարգացումից:
Կցանկանայի մեկ անգամ ևս նշել, որ Լեռնային Ղարաբաղին անկախություն տրամադրելու հարցը չի կարող քննարկումների թեմա լինել: Որքան շուտ հայկական կողմը գիտակցի դա ու հրաժարվի իր ոչ իրական ու անօրինական մոտեցումներից, այնքան լավ կլինի և նրանց համար, և խաղաղ գործընթացի համար:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելում են տարածաշրջան, սակայն ներկայումս մեր քննարկումների հիմնական թեման վերաբերում է ոչ թե բանակցային գործընթացի էությանը, այլ՝ լարվածության, պոտենցիալ սպառնալիքների նվազեցմանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծումից հետո առաջին անգամ մենք ականատես ենք լինում, որ բանակցային գործընթացը մտել է փակուղի», - ասել է Իլհամ Ալիևը: