ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍՆ Է՝ ԻՆՉՊԵՍ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՌՈՒՄՈՎ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԵՍԱԿԵՏԻՑ»
Բոլոր առաջադրանքները, որոնք մենք մեր առջև դրել էինք 2019 թվականի սկզբներին, հաջողությամբ կատարվել են: Ադրբեջանը հաջողությամբ առաջ շարժվեց զարգացման ճանապարհով:
Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը Համայն աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա և Ամանորի կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում:
«Հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության հետ կապված մեր դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Մեր սկզբունքային դիրքորոշումը հետևյալն է. տվյալ հակամարտությունը պետք է կարգավորվի մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է 4 բանաձև, որոնց մեջ բացահայտորեն և հստակ նշված է, որ օկուպացիոն ուժերը պետք է անհապաղ և անվերապահորեն դուրս բերվեն զավթված հողերից:
Նման որոշումներ և բանաձևեր են ընդունել նաև Չմիավորման շարժման կազմակերպությունը, Իսլամական համերաշխության կազմակերպությունը, ԵԱՀԿ-ը, Եվրախորհրդարանը, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը և այլ միջազգային կազմակերպություններ: Եվրամիության և Ադրբեջանի միջև ստորագրված «Գործընկերության առաջնահերթությունները» փաստաթղթում մեծ աջակցություն է հայտնվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և սահմանների անձեռնմխելիությանը: Այսպիսով, Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է՝ ինչպես պատմական առումով, այնպես էլ միջազգային իրավունքի տեսակետից:
Տարվա ընթացքում մենք Հայաստանից լսեցինք շատ հակասական, իրարամերժ և անհեթեթ հայտարարություններ: Նրանք նույնիսկ ասում էին, որ այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» անկախ պետություն է, և Ադրբեջանը պետք է բանակցի այդ «անկախ» պետության հետ: Դա սուտ է: Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն չէ և աշխարհի որևէ երկիր, ներառյալ Հայաստանը, չեն ճանաչում այդ ապօրինի կազմավորումը:
Դրա համար էլ այս տարվա ընթացքում բանակցությունները տարվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այսպիսով, այդ անհեթեթ թեզը հօդս ցնդեց: Հետո ասում էին թե, «Լեռնային Ղարաբաղը Հայաստան է և վերջ»: Նման պոպուլիստական հայտարարություններ անելը հեշտ է, սակայն դրա հետևում կանգնելն անհնար է: Սա ել է սուտ: Լեռնային Ղարաբաղը Հայաստան չէ: Այդ մասին գիտի ողջ աշխարհը: Ես մեկ անգամ ևս հայտարարում եմ, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան:
Վստահ եմ, որ կգա մի օր և Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը: Դրան հասնելու համար մենք պետք է ավելի ուժեղ լինենք», - ասել է նախագահ Իլհամ Ալիևը: