ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ. «ԱՅՆ, ՈՐ ՉԱՐԼԶ ՄԻՇԵԼԸ ՉՕԳՏԱԳՈՐԾԵՑ «ԿԱՐԳԱՎԻՃԱԿ» ԵՎ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ» ԲԱՌԵՐԸ, ՇԱՏ ԻՄԱՍՏՈՒՆ ՔԱՅԼ ԷՐ»

«Այն, որ Չարլզ Միշելը չօգտագործեց «կարգավիճակ» և «Լեռնային Ղարաբաղ» բառերը, իհարկե, շատ իմաստուն քայլ էր: Մենք գնահատում ենք դա, և Հայաստանը պետք է եզրակացություն անի: Չկա կարգավիճակ, չկա Լեռնային Ղարաբաղ»:
Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դաշքեսանի շրջան կատարած ուղևորության ժամանակ Ադրբեջանի հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
Երկրի ղեկավարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը ստեղծվել է 1923 թ. հուլիսի 7-ին` որպես արհեստական կազմավորում, և այս ապօրինի և բոլորովին անհիմն որոշումը կայացրել են այդ ժամանակ Խորհրդային կառավարությունում ներկայացված հայերը:
Անկախության վերականգնումից մեկ ամիս անց՝ 1991-ի նոյեմբերին, Ադրբեջանի խորհրդարանը կազմալուծեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, - ասել է Իլհամ Ալիևը:
«Ինչո՞ւ դրանից հետո օգտագործվեց «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը: Հակամարտության պատճառով: Եվ միջազգային փաստաթղթերում, այնուհետև բանակցային սեղանի շուրջ: Ես ինքս բազմիցս օգտագործել եմ «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը հակամարտության կապակցությամբ, բայց ոչ տարածքի հետ կապված: Ես միշտ ասել եմ՝ հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտություն», - ընդգծել է նախագահը:
«Պատերազմի ավարտից, հակամարտության կարգավորումից հետո, իհարկե, անտեղի է խոսել Լեռնային Ղարաբաղի մասին», - ասել է Ադրբեջանի ղեկավարը:
Այլ կերպ ասած՝ Ադրբեջանում չկա Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքային միավոր, և այն, որ Չարլզ Միշելը չիօգտագործել այս արտահայտությունը, պետք է որակել որպես հարգանք մեր դիրքորոշման նկատմամբ: Սա վերաբերում է նաև կարգավիճակի խնդրին: Նոյեմբերի 10-ին՝ պատերազմի ավարտից հետո, ես ցույց տվեցի կարգավիճակի տեղը: Ուստի այս հարցի վերաբերյալ այլ կարծիք լինել չի կարող»:


Читайте также

Оставить комментарий