ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԻՆՔՆԱՎԱՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԻՆՔՆԱՎԱՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հնարավոր է փոխզիջում, տարածաշրջանը կարող է դառնալ ինքնավար հանրապետություն։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցի ժամանակ։
«Խելամիտ փոխզիջում հնարավոր է․ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովում, ինքնակառավարում, տարբեր ներդրումային նախագծերի իրականացում Ադրբեջանի կողմից։ Եվ երկու ժողովուրդների խաղաղ համագործակցություն՝ պայմանով, որ ինքնավար ԼՂ-ի սահմաններից դուրս տարածքները կազատագրվեն։ Այսպիսին ենք մենք տեսնում հակամարտության կարգավորումը»,- ասել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Բաքուն «չի ճանաչի և չի ընդունի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։
Ադրբեջանի նախագահը անդրադարձել է նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այն հայտարարությանը, որում նա նշել էր, թե ներկա դրությամբ պայմաններ չեն ստեղծվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։
Ալիևը Քերիի այդ հայտարարությունը որակել է որպես «անբարեխիղճ» և «դիվանագիտական կազուս»՝ ԱՄՆ-ին մեղադրելով հակամարտությունը կարգավորելու «ցանկություն չունենալու» համար.
«Հակամարտության կարգավորված չլինելու համար մեղքն Ադրբեջանի վրա դնելն առնվազն անբարեխղճություն է։ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարում է, որ չի տեսնում կարգավորում, ավելին այդ հակամարտությունն ավելի բարդ է կարգավորել՝ համեմատած իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետ։
Նա ազդանշան է հղում Հայաստանին, որ դուք պետք է այս հակամարտությունը ձգձգեք նույնքան ժամանակով։ Այս հայտարարությունը ևս մեկ անգամ վկայում է, թե ինչու հակամարտությունը կարգավորված չէ»։
Նախագահ Իլհամ Ալիևը անդրադարձել է նաև Ադրբեջանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը։
«Այս թեմայով խոսակցություններ վաղուց կան՝ և՛ փորձագիտական հանրության և տարբեր երկրների քաղաքական էլիտայի շրջանում։ Այսպես կասեմ․ սկզբունքորեն մենք այսօր շատ վստահ ենք զգում մեզ ներկայիս կարգավիճակում, որում գտնվում ենք։ Իհարկե, եթե Միությունը գրավիչ դառնա, այն շատերին կձգի։ Այնպես որ ոչինչ բացառել պետք չէ, բայց ներկա փուլը հենց այսպես կգնահատեի»,-ասել է Ալիևը Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։
Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը հետաքրքրությամբ հետևում է եվրասիական տիրույթում տեղի ունեցող գործընթացներին։
«Այսօր ԵվրԱզԷՍ անդամ երկրների հետ մեր տնտեսական, ինչու ոչ՝ նաև քաղաքական համագործակցության ձևաչափը շատ ամուր է: Իհարկե, ինտեգրման ճանապարհով ընթանալու համար շարժառիթ է պետք: Այն կարող է լինել տնտեսական, սոցիալական, քաղաքական կամ ցանկացած այլ շարժառիթ: Եվ մենք այժմ այդ ուղղությամբ աշխատում ենք»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ Ալիևն ընդգծել է, որ Բաքուն ընդհանուր առմամբ գոհ է իր ներկա կարգավիճակից։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ կշարունակվի Իրան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափով եռակողմ համագործակցությունը։
Տվյալ ձևաչափով եռակողմ առաջին գագաթնաժողովն անցկացվել է այս տարվա օգոստոսի 8-ին` Բաքվում։ Կողմերը քննարկել են միջազգային օրակարգում առկա հարցերի լայն շրջանակ և համագործակցության կոնկրետ նախագծեր։
Հաջորդ հանդիպումը Թեհրանի առաջարկով պետք է անցկացվի Իրանում։
«Մենք ուրախ և հպարտ ենք, որ մեզ հաջողվեց կազմակերպել նման հանդիպում։
Հուսով ենք, որ հետագայում այն կունենա շարունակություն։ Եռակողմ այդ ձևաչափն արդեն իսկ լուրջ գործոն է դարձել միջազգային քաղաքականությունում։ Դա արդեն իսկ համաշխարհային, գլոբալ քաղաքականության փաստ է։
Դա տարածաշրջանային ձևաչափ չէ, տրանսպորտային ձևաչափ չէ, դա արտաքին քաղաքական, աշխարհաքաղաքական լուրջ նախաձեռնություն է և արդեն իրողություն, և մենք մեր կողմից կանենք անհրաժշտ ամեն բան, որպեսզի հագեցնենք այդ ձևաչափը։
Մենք նմանատիպ մոտեցում ենք տեսնում մեր ռուս և իրանցի գործընկերների կողմից», - հայտարարել է ախագահ Իլհամ Ալիևը։



Читайте также

Оставить комментарий