Իլհամ Ալիեւ. «Խաղաղ բանակցային գործընթացին մեր հավատարմությունը մեր կառուցողական դիրքորոշման մասին խոսող հիմնական փաստարկն է»

irevanaz.comՌուսաստանի «Իզվեստիա» թերթին, ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը եւ «Ռոսիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանի զարգացման ամենակարեւոր խնդիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է:

«Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում, անդրադառնալով նախագահության հինգ տարիներին, Իլհամ Ալիեւը ասել է. - «Միակ բանը, ինչին չհաջողվեց հասնել՝ հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: Դա մեր երկրի զարգացման ամենակարեւոր խնդիրն է: Բոլոր մյուս ասպարեզներում մենք հասել ենք նախանշված նպատակներին»:

«Որոշակի հույսեր կան, որ հակամարտությունը հնարավոր կլինի կարգավորել խաղաղ ճանապարհով: Խաղաղ բանակցային գործընթացին մեր հավատարմությունը մեր կառուցողական դիրքորոշման մասին խոսող հիմնական փաստարկն է: Որովհետեւ, հակառակ դեպքում՝ մենք խնդիրը այլ կերպ կլուծեինք»,- շեշտել է Ադրբեջանի նախագահը:

Իլհամ Ալիեւը հերթական անգամ շարադրել է ղարաբաղյան կարգավորման ադրբեջանական տեսակետը. - «Մենք միշտ ասել ենք, որ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն փուլային տարբերակով: Առաջին փուլում պետք է ազատագրվեն Ադրբեջանի օկուպացված տարածքները: Դրանք Լեռնային Ղարաբաղը շրջապատող 7 շրջաններն են: Այնտեղ պետք է վերադարձվեն մեր փախստականները եւ ներքին տեղահանվածները: Անհրաժեշտ են այդ տարածքներում ապրող ազգաբնակչության ապահովության միջազգային երաշխիքներ: Հաջորդ փուլում պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Այդ կարգավիճակը պետք է որոշվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության համար բարձր աստիճանի ինքնուրույնության խնդիրը»:

«Մեզ թվում է, որ բանակցությունների այսօրվա ֆորմատը արտացոլում է այս մոտեցումները»,- նշել է Ադրբեջանի նախագահը: -«Այսօր Հայաստանում նոր ղեկավար կա, եւ հույս կա, որ Երեւանն այս հարցում ավելի կառուցողական մոտեցում կորդեգրի»:

Իլհամ Ալիեւը նաեւ նշել է, որ Ադրբեջանը մեծապես կարեւորում է իր պաշտպանական կարողությունների հետագա ամրացման խնդիրը: «Այսօր պաշտպանական ծախսերը մեր բյուջեում զբաղեցնում են առաջին տեղը: Եվ քանի դեռ հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել, այդ քաղաքականությունը կշարունակվի», - ասել է Ադրբեջանի նախագահը:

«Ադրբեջանական բանակն այսօր հզորագույն կառույց է, որն ի զորու է լուծել ցանկացած առաջադրանք եւ առաջին հերթին՝ օկուպացված տարածքների ազատագրման հետ կապված», - հայտարարել է Իլհամ Ալիեւը:



Читайте также

Оставить комментарий