ԹՈՒՐՔԻԱՆ ԿՈՇՏ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԻՆ

Թուրքիայի բարձր ղեկավարությունը արձագանքել է Միացյալ Նահանգների նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձին: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը  հայտարարել, ՈՐ «ցեղասպանության մասին պնդումներն անհիմն են, և թուրքական պատմությունը մաքուր է»:
«Ակնկալում ենք, որ բոլորը կտեսնեն այս թեմայով մեր պատմաբանների ներկայացրած իրողությունները: Այդ պնդումները առաջ քաշողները պատմությունից թշնամություն են քաղում: Այս գործելակերպը ոչ մի կերպ չի ծառայում տարածաշրջանային և համաշխարհային խաղաղությանը», - ասել է Հուլուսի Աքարը:
Նրա խոսքով, «ԱՄՆ աղբյուրներում 1915 թվականին վերաբերող աշխատություններ կան, որտեղ նույնպես չկա ցեղասպանություն ձևակերպումը»:
Միացյալ Նահանգների նախագահի ուղերձին առավել կոշտ արձագանքել է Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը՝ ԱՄՆ-ին կոչ անելով հայելու մեջ նայել:
«Միլոնավոր մարդկանց մահվան տանող, համաշխարհային պատերազմներ հարուցող, զանգվածային ոչնչացման զենքեր սարքող, ատոմային ռումբ կիրառող, ստրկավաճառություն անող, մարդկանց գազանանոցներում ցուցադրող ժամանակակից բարբարոսներ: Մեր պատմության մեջ ցեղասպանության, էթնիկ զտման, Հոլոքոստի բիծ չկա»,- Թվիթերում գրել է Քալընը:
Իսկ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Թվիթերում արևմտյան առաջնորդներին, մասնավորապես Ջո Բայդենին և Էմանյուել Մակրոնին մեղադրել էր երկերեսանի մոտեցման համար:
«Արևմտյան որոշ առաջնորդներ վերջերս պաշտպանում են այն տեսակետը, որ «ցեղասպանությունը» միայն դատարանի որոշմամբ կարող է հաստատվել։ Ճիշտ է։ Բայց նույն մարդիկ 1915 թվականի դեպքերի համար քաղաքական դրդապատճառներով օգտագործել են «ցեղասպանություն» բառը՝ առանց իրավասու դատարանի որոշման, և սա նրանց երկերեսանիության ամենացայտուն օրինակն է»,- գրել էր Չավուշօղլուն։
Ավելի վաղ նաև Թուրքիայի ԱԳ նախարարությունն էր հայտարարություն տարածել՝ դատապարտելով «քաղաքական նպատակներով պատմական իրողությունները խեղաթյուրող նմանօրինակ հայտարարություններն ու որոշումները»:
Արտաքին գերատեսչությունն ընդգծել էր, որ «Թուրքիան հարգանքով հիշում է օսմանյան բոլոր քաղաքացիների, այդ թվում` հայերի ապրած ցավերը և մերժում է այդ վիշտը քաղաքականության նյութ դարձնելու փորձերը»:
«Թուրքիան ջանքեր է գործադրում տարածաշրջանում ու աշխարհում խաղաղության և կայունության հաստատման համար: Հայաստանի հետ սկսված կարգավորման գործընթացը այս մտադրության ևս մեկ ցուցիչ է», - ասված է հայտարարության մեջ:


Читайте также

Оставить комментарий