ՌԴ ԱԳՆ. «ԴԺՎԱՐ Է ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՈՉ ԹԵ ԻՐԱԿԱՆՈՒՄ, ԱՅԼ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

Ռուսաստանի արտգործնախարարությունում արձագանքել են Հայաստանի Ազգային ժողովի խոսնակի շուրջ երկու շաբաթ առաջ հրապարակված «Լավրովի պլանի» մասին արտահայտություններին՝ հայտարարելով, որ դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երևակայության մեջ:
Ռուսաստանի արտգործնախարարությունը «Ռիա Նովոստի»-ի միջոցով հայտարարում է, թե «հիշյալ զրույցի ընթացքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հարգարժան նախագահ Ալեն Սիմոնյանը, հղում անելով հայ հասարակության մտքին, թե Ռուսաստանը հանձնել է Ղարաբաղը, հայտարարել է՝ եթե ինչ-որ մեկը Հայաստանում ինչ-որ բան հանձներ, դա անելու մի քանի տարբերակ կար, ներառյալ «Լավրովի պլանը»:
«Դժվար է մեկնաբանել այն, ինչ գոյություն ունի ոչ թե իրականում, այլ երևակայության մեջ։ Նման երևակայական իրողություններին է վերաբերում նաև «Լավրովի պլանը», նշել են նախարարությունում։ Այնտեղ նաև հավելել են, որ չի կարելի խոսել «հանձնման» մասին, քանի որ խոսքը ղարաբաղյան հակամարտության փուլային լուծման մասին էր», - նշել է ռուսական պետական լրատվամիջոցը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում շեշտում են, թե կարգավորման ծրագրի վերջին խմբագրությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին փոխանցել են 2019 թվականի հունիսին: Ըստ այս փաստաթղթի «նախատեսվում էր Ադրբեջանին վերադարձնել հինգ շրջաններ առաջին փուլում, երկրորդում՝ երկուսը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ պարտադիր կապակցմամբ»:
Սերգեյ Լավրովի ղեկավարած գերատեսչությունն, պատերազմից մեկ տարի անց, Ալեն Սիմոնյանին հերքելու համար մանրամասներ է հրապարակում Մինսկի խմբի վերջին փաստաթղթից։
Այդ ներկայացրած պլանի մյուս տարրերի թվում են Ղարաբաղի համար նրա բնակչության լիարժեք կենսագործունեությունն ապահովող իրավունքների ճանաչումը, ԵԱՀԿ նիստերին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը, շրջափակման վերացումը, սահմանների բացումը, ուժի չկիրառման մասին կողմերի պարտավորությունների ընդունումը, Լաչինի միջանցքի լայնության ու կարգավիճակի հարցի լուծումը՝ հաշվի առնելով Քելբաջարի և Լաչինի շրջանների վերադարձն Ադրբեջանին:
Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, ապա մինչև 2020 թվականի աշունը բանակցությունների սեղանին դրված առաջարկները նախատեսում էին բառացիորեն հետևյալը. համաձայնեցված ժամկետներում Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո: Ընդորում՝ ռուսական կողմի պնդմամբ՝ քվեարկության դրվող հարցի կամ հարցերի ձևակերպումները ոչնչով չեն սահմանափակվի:
Մոսկվան շեշտում է թե, առաջարկները, թեև լիակատար համաձայնության չեն հասել, չեն մերժել ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը։ Մոսկվան մեղադրում է Երևանին «խաղաղ կարգավորման բազմաթիվ հնարավորությունները բաց թողնելու մեջ»։
Ռուսաստանի արտգործնախարարությունը վերջում եզրակացնում է․ «Եվս մեկ անգամ համեմատեք համանախագահների նշված առաջարկությունները ներկա իրավիճակի հետ և հետևություններ արեք»։ Իսկ հայտարարության վերջում նշված է, թե «Ռուսաստանի ԱԳՆ-ն միշտ հարգանքով է վերաբերվում այլ երկրների հասարակական կարծիքին, նույնիսկ եթե նրա հետ համաձայն չեն։ Դա կրկնակի ճիշտ է, երբ խոսքը վերաբերում Ռուսաստանի դաշնակիցներին ու բարեկամներին, ինչպիսին է Հայաստանը»։


Читайте также

Оставить комментарий