Հիքմեթ Հաջիև. «Հայաստանը որպես վարձկաններ օգտագործում է Սիրիայից և Լիբանանից տեղափոխված հայերին»
«Հայաստանը, որը վարում է Ադրբեջանի օկուպացված տարածքները ապօրինաբար վերաբնակեցնելու քաղաքականություն, վերջին օրերին այդ տարածքներ է տեղափոխում լիբանանահայերի:
Նախօրեին սոցիալական ցանցերում տեղեկատվություն տարածվեց, որ Լիբանանից գաղթած հայկական ընտանիքներին տեղավորում են Շուշա քաղաքում, որը ադրբեջանական ժողովրդի համար ունի մեծ պատմական և հոգևոր նշանակություն»:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Նա նշել է, որ այն ժամանակ, երբ աշխարհի շատ երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը զբաղվում են Լիբանանում տեղի ունեցած ողբերգության հետևանքների վերացմամբ, այդ երկրին մարդասիրական օգնություն են հատկացնում, Հայաստանը փորձում է օգուտ քաղել ստեղծված իրավիճակից՝ մարդկանց տառապանքներն օգտագործելով իր կեղտոտ նպատակներին հասնելու համար:
«Դրանով Հայաստանը ցույց է տալիս, որ իր համար որևէ հոգևոր արժեք գոյություն չունի: Բոլորը պետք է իմանան, որ Ադրբեջանի օկուպացված հողերում իրականացվող անօրինական վերաբնակեցման քաղաքականությունը չունի որևէ իրավական ուժ», - ասել է Հիքմեթ Հաջիևը: