Ջեյհուն Բայրամով. Հայաստանի գործողությունները, փաստորեն, ի չիք են դարձնում միջնորդների ջանքերը
Համանախագահներն ուզում են այս տարվա աշնանը հանդիպում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև:
Սակայն, Հայաստանի գործողությունները, փաստորեն, ի չիք են դարձնում միջնորդների ջանքերը:
Այս մասին TASS-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:
Նախարարը նշել է, որ Հայաստանը շարունակում է քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձախողման ուղղությամբ:
«Հայտարարելով պատերազմի արդյունքների ամրապնդման անհրաժեշտության մասին, բացառելով օկուպացված տարածքների ազատման հնարավորությունը, սպառնալով գնդակոծել ադրբեջանական բնակավայրերը, շարունակելով օկուպացված ադրբեջանական հողերի անօրինական վերաբնակեցման գործընթացը՝ այդ երկրի ղեկավարությունը խաթարում է բանակցային գործընթացը:
Նման պայմաններում արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամկետների մասին խոսելը վաղ է: Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից ակնկալում ենք երաշխիք՝ կապված հայկական կողմի՝ Ադրբեջանի օկուպացված հողերի ազատման և զինված հակամարտության այլ հետևանքների վերացման շուրջ առարկայական բանակցություններին պատրաստ լինելու հետ, ինչպես դա նախատեսված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թվականին ընդունած բանաձևերում», - ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը: