Թել Ավիվում հայկական մշակութային կենտրոնի մոտ գտնվող հրապարակում ծածանվել է Ադրբեջանի դրոշը
Ադրբեջանական սփյուռքը այս անգամ ակտիվություն է դրսևորել իսրայելական Թել Ավիվ քաղաքում: Ադրբեջանական բանակին աջակցել ցանկացողները հավաքվել են հայկական եկեղեցու առջև: «Իսրայելում ադրբեջանական տան» ղեկավար Շիրին Նեխամիա Միխաելին նշել է, որ Իսրայելը ցուցադրել է Ադրբեջանի հետ իր համերաշխությունը: Իսկ Բաքվի մուլտիկուլտուրալիզմի միջազգային կենտրոնի իսրայելական ներկայացուցչության ղեկավար Արիե Գուտն էլ հայտնել է, որ սա ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների հաջող զարգացման ևս 1 ապացույց է:
«Տվյալ միջոցառումը, նախ և առաջ, աջակցություն է Ադրբեջանին, ադրբեջանական բանակին, ադրբեջանցի զինծառայողներին: Մենք շատ լավ գիտեինք, որ հայկական սփյուռքը տարբեր սադրանքներ է պատրաստում՝ ինչպես դա եղավ Բելգիայում, Լոս Անջելեսում: Սակայն, Իսրայելում մենք նման բան թույլ չենք տա», - ասել է Արիե Գուտը:
Ցույցին մասնակցել է ավելի քան 500 մարդ: Հայկական մշակութային կենտրոնի մոտ գտնվող հրապարակում ծածանվել է ադրբեջանական դրոշը: Երթը սկսվել է Ռաշիդ Բեհբուդովի «Ադրբեջան» երգի հնչյունների ներքո:
Երթի մասնակիցները պարզել են եբրայերեն, ադրբեջաներեն, անգլերեն և ռուսերեն պաստառներ: