Ադրբեջանական սփյուռքը դիմել է ՌԴ գլխավոր դատախազություն՝ հայկական կայքը փակելու համար
Ադրբեջանական սփյուռքը դիմել է ՌԴ գլխավոր դատախազություն՝ հայկական yerkramas.org կայքը փակելու խնդրանքով:
Ինչպես տեղեկացնում է APA-ն, Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին դիմել են Մոսկվայի մարզի ադրբեջանցիների ազգային-մշակութային ինքնավարության տարածաշրջանային ղեկավար Էլշան Իբրահիմովի անունից:
Նշվում է, որ Yerkramas թերթը և դրա կայքը ծայրահեղական գործունեություն ծավալով բազմազգ Ռուսաստանի Դաշնությունում՝ ազգային հողի վրա ատելություն են հրահրում և օգտագործում ֆաշիստ Գարեգին Նժդեհի «Ամեն օր պայքարել թուրքերի դեմ» նշանաբանը:
«2019 թվականի հուլիսի 15-ին ադրբեջանական սփյուռքը դիմել էր Ռուսաստանի Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության վերահսկողության ֆեդերալ ծառայություն («Роскомнадзор»)՝ կապված այդ կայքի գործունեության հետ:
Ի պատասխան դրան՝ Ռուսաստանի Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության վերահսկողության ֆեդերալ ծառայությունից հայտնել են, որ Կրասնոդար քաղաքի Պերվոմայսկոյե շրջանի դատարանի որոշմամբ yerkramas.org-ի լիցենզիայի գործողությունը կասեցվել է դեռ 2016 թվականին: Սակայն, չնայած դրան՝ yerkramas.org-ը շարունակում է իր ծայրահեղական գործունեությունը: Կայքը դեռ հասանելի է: Խնդրում ենք կրկին ուսումնասիրել այդ հարցը», - ասվում է դիմումում: