ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՍՏԱՏԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀՈՂԵՐԻ ՕԿՈՒՊԱՑՄԱՆ ՓԱՍՏԸ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Դատավարության հարցերով հանձնաժողովի օրակարգում ներառվել է կոնգրեսականներ Սթիվ Շաբոտի և Սթիվեն Քոենի առաջարկած ուղղումը՝ Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի ներքին տեղաշարժված անձանց վերաբերյալ:
Փաստաթղթի համաձայն, պետքարտուղարը պաշտպանության նախարարի հետ միասին Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովներին կներկայացնի այդ երկրներում ներքին տեղաշարժված անձանց կարգավիճակի մասին զեկույց:
Փաստաթղթում նշված կլինի Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի քաղաքացիների թիվը, որոնք 1991 թվականից ի վեր արտասահմանյան ուժերի կողմից բռնի կերպով վտարվել են օկուպացված հողերից:
«Կա շատ կարևոր ուղղում, որն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան:
Նա ընդգծել է, որ փաստաթղթում հաստատվում է բոլոր 4 պետությունների տարածքների օկուպացման փաստը: «Գործընթացը շարունակվում է: Այս փաստաթուղթը մեծ նշանակություն ունի մեզ համար», - ասել է Լեյլա Աբդուլլաևան: