ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ԵՍ ԱՐԴԵՆ ԱՍԵԼ ԵՄ, ՈՐ ՄԵՆՔ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆՔ ՈՉ ՀԱՆՈՒՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼ»
Հայաստանում ծաղկում է ադրբեջանաֆոբիան և հենց դրանով կարելի է բացատրել Ադրբեջանի՝ կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հատուկ նիստ հրավիրելու նախաձեռնությանը չաջակցելու Հայաստանի որոշումը, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում:
«Մեզ պետք էր 97 ձայն, սակայն, մեր նախաձեռնությանն աջակցեց ավելի քան 130 երկիր: Մի քանի երկիր ձեռնպահ մնաց, իսկ միակ երկիրը, որը դեմ արտահայտվեց, Հայաստանն էր:
Ես հայկական կողմի այդ որոշումը կապում եմ ադրբեջանաֆոբիայի հետ: Սա ցույց է տալիս նրանց այլատյաց, ֆաշիստական էությունը, Հայաստանում գերիշխող գաղափարը», - ասել է Իլհամ Ալիևը:
Նախագահը նշել է, որ այդ որոշմամբ Հայաստանը իրեն ծիծաղելի վիճակի մեջ դրեց և մանավանդ, որ Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի առումով մեծ դժվարություններ է ապրում:
Իլհամ Ալիևն ընդգծել է, որ այդ նիստը անպայման կայանալու է:
Անդրադարնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին, պետության ղեկավարը ասել է.
«Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, արդարացի է, դրա համար էլ պաշտոնական Բաքուն չի ծրագրում որևէ փոփոխություն կատարել իր դիրքորոշման մեջ, քանի որ այն արդարության դիրքորոշումն է: Մեր դիրքորոշումը հիմնված է պատմական արդարության և միջազգային իրավունքի վրա»:
Նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանը հավատարիմ է բանակցությունների ձևաչափին և էությանը:
«Բանակցությունների ձևաչափի փոխելու գաղափարը դրանք անիմաստ է դարձնում: Այսօր գործնականում հակամարտության շուրջ բանակցություններ չկան: Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների տեսակոնֆերանսն անարդյունավետ է: Դա ընդամենը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության իմիտացիա է: Ես արդեն ասել եմ, որ մենք բանակցում ենք ոչ հանուն բանակցությունների, մենք ուզում ենք բովանդակային բանակցություններ վարել: Եթե բանակցությունները լինեն առարկայական, ապա մենք մասնակցելու ենք դրան: Հակառակ դեպքում՝ անիմաստ բանակցություններին մասնակցելու կարիք չկա», - ասել է Իլհամ Ալիևը: