Իլհամ Ալիև. «Իր անկախության ողջ ընթացքում Հայաստանում այսքան ներդրում չի կատարվել»
Օրերս կայացել է Չինգիզ Մուստաֆաևի Հիմնադրամի և ANS ընկերությունների խմբի կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «Տարվա մարդ-2013» մրցանակի հանձնման արարողությունը:
Նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել ելույթով:
«Ես ձգտում եմ և միշտ ձգտելու եմ իմ աշխատանքով զարգացնել, առաջ տանել մեր հարազատ երկիրը, լուծել մեր առջև կանգնած բոլոր խնդիրները: Նման բարձր գնահատականը, որին արժանացել եմ Ձեր կողմից, ավելի է ոգևորում ինձ», - ասել է նախագահը:
Իլհամ Ալիևը նշել է, որ նախորդ տարեվերջին ստորագրված «Շահդենիզ-2» նախագիծը կընդլայնի երկրի զարգացման հեռանկարները:
«Այդ նախագիծը, ինչպես նաև «ASAN xidmət»-ը, բացառիկ նշանակություն ունեցող իրադարձություններ են մեր երկրի հետագա զարգացման համար: Այն կապահովի մեր երկրի քաղաքական և տնտեսական շահերը տասնամյակներ առաջ: Ինչպես ձեզ հայտնի է, Ադրբեջանն այս անգամ էլ ցուցադրեց առաջնորդի իր որակները էներգետիկ քաղաքականության ոլորտում: Տեսնելով, որ երկար տարիներից և քննարկումներից հետո «Հարավային գազային միջանցք» նախագիծը տեղից չի շարժվում, Ադրբեջանը իր վրա վերցրեց քաղաքական և տնտեսական պատասխանատվությունը»:
Երկրի ղեկավարի խոսքով՝ նախորդ տարին ռեկորդային էր ներդրումների ներգրավման առումով. Ադրբեջանի տնտեսության մեջ ներդրվել է 28 մլրդ դոլար:
«Համեմատության համար ասեմ, որ Իր անկախության ողջ ընթացքում Հայաստանում այսքան ներդրում չի կատարվել: Մեր տնտեսական և քաղաքական ներուժով մենք արդեն վաղուց դուրս ենք եկել տարածաշրջանային շրջանակներից: Մեր հիմնական նպատակը զարգացած երկրների շարքում ընդգրկվելն է: Այս հարցում միայն տնտեսական բարեփոխումները բավական չեն: Ադրբեջանը պետք է արագ տեմպերով զարգանա բոլոր ուղղություններով, պետք է շարունակվեն քաղաքական, սոցիալական բարեփոխումները: Մենք պետք է այնպես անենք, որ Ադրբեջանում բոլոր ոլորտներում կիրառվեն գերժամանակակից տեխնոլոգիաներ», - հայտարարել է երկրի ղեկավարը:
Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել, որ 2014 թվականը նույնպես հաջող կլինի Ադրբեջանի համար: «Մենք բոլորս ձգտում ենք դրան», - ասել է նախագահը: