Հրազդանում կլինի վենդետա
«Հրազդանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում օրերս ներկայացնում էին Հրազդանի քաղաքապետի պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին: Եկել էր ՀՀ Տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: Բայց ստացվեց այնպես, որ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը որոշեց ինքը ստանձնել գլխավոր դերը այն տրամաբանությամբ, որ Հրազդանն իր բոստանն է, ու ինքն է այնտեղ դերաբաշխում կատարում: Եվ արդյունքում Լիլիթի նշանակումը վերածվեց Սասունի բենեֆիսի», - հաղորդում է shame.am-ը:
«Նախ նա հայտարարեց, որ 20 տարի շարունակ այդ շենք ոտք չի դրել, հետո ներկաներին ասաց. «Ուզում եմ, իմանաք, որ մենք թշնամիներ չենք փնտրում, էդ դուք եք թշնամացել՝ հեռանալով ժողովրդից», և նման տարանջատումը հստակեցնելուց անմիջապես հետո անցավ բացահայտ սպառնալիքների: Ըստ էության, Սասուն Միքայելյանի ամբողջ խոսքի իմաստն այն էր, որ ինքը 20 տարվա քեն ունի պահած, թե ինչու հրազդանցիները տարիներ շարունակ իրեն ձայն չեն տվել, և հիմա, քանի որ արդեն իշխանության ներկայացուցիչն է, եկել է վրեժխնդիր լինելու ժամանակը:
«Շենքն իր աշխատողներով այս տարիների ընթացքում քարացած է եղել և ժողովուրդը պիտի կարողանա մտնել այս շենք, ինչպես 20 տարի առաջ: Այստեղ մի թիմ է ձևավորվել, որն աշխատել է հակա մեր ժողովրդին: Բնականաբար, իրենք պիտի հասկանան ու իրենց տեղը գտնեն: Իրենք շատ վտանգավոր մարդիկ են հասարակության մեջ, ինչպես կատաղած շունը»,- հայտարարեց ժողովրդավար ու հեղափոխական Սասունը` դատավճիռ կարդալով հակաների ու թշնամիների համար` նրանց նույնացնելով շների հետ:
Սա հենց այն է, ինչին ասում են վենդետա: Սա հենց այն վենդետան է, որի մասին Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ չի լինելու: Բայց Սասունը պատճառներ չունի Նիկոլին լսելու, որովհետև 20 տարի սպասել է այդ երջանիկ պահին ու հիմա երազում է տեսնել իր մրցակիցներին պարտված, ոչնչացված, նվաստացված: Ու նա այդ բանը կանի Նիկոլի լուռ համաձայնությամբ» - համոզված է shame.am-ը: