Շավարշ Քոչարյանի նման անլուրջ քաղաքական գործիչները անլրջացնում են իշխանության համակարգը

irevanaz.comԱյդ հանգրվանին հասնելու համար` պարոն Շավարշ Քոչարյանը ստիպված եղավ ավելի քան մեկ տասնամյակ ընդդիմություն-ընդդիմություն խաղալ, ճամբար փոխել, կատարել իշխանական քարոզչական հենարանի դերը այս կամ այն նախագծի սպասարկուի կարգավիճակով եւ այլն: Իսկ գործող ռեժիմից, որի մահակների տակ 2004 թվականի ապրիլին ընկել էր նաեւ ինքը` Շ. Քոչարյանը, նա ԱԳ փոխնախարարի պաշտոնը հիմա վերցրեց, քանի որ թերեւս հստակ գիտակցում է, որ դա նրա` թեկուզեւ կարճ ժամանակով, բայց պաշտոն ունենալու վերջին շանսն է:    

Եւ այսպես, Քոչարյանը, որը մինչեւ 88 թվականը կոմունիստ էր, Ղարաբաղյան շարժումը սկսվելուց հետո փորձեց իր տեղը գտնել Շարժման շարքերում: 1990 թվականին նա ՀՀՇ-ի միջոցով դարձավ Գերագույն խորհրդի պատգամավոր: Շավարշ Քոչարյանը հայտնվեց ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, սակայն պաշտոն չստանալով` դարձավ ԱԺՄ-ական ու սկսեց քննադատել իշխանությանը: 1995-ին եւ 1999-ին Քոչարյանը Ազգային ժողովի պատգամավոր դարձավ Վազգեն Մանուկյանի միջոցով: Եւ չնայած նա ԱԺՄ կարկառուն դեմքերից էր ու, սույն կուսակցությունն օգտագործելով, կրկին դարձավ պատգամավոր, բայց դա չխանգարեց, որ նա դառնար ԱԺՄ-ն ակտիվ քանդողներից մեկը եւ, 2000 թվականին պոկելով ԱԺՄ-ից մի հատված, հիմնադրեր իր Ազգային ժողովրդավարական կուսակցությունը` ԱԺԿ-ն: Մինչ այդ, իհարկե, պարոն Քոչարյանը ԱԺ դարպասներն էր ջարդում եւ իր առաջնորդ Վազգեն Մանուկյանի հետ 1998-ին ողջունեց Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալը: Բայց կրկին անպաշտոն մնալով` պարոն Քոչարյանը 2003-ին Ազգային ժողով մտավ Ստեփան Դեմիրճյանի օգնությամբ` որպես «Արդարություն» դաշինքի անդամ: Ու այսպես մոտ 18 տարի նա ընդդիմություն-ընդդիմություն խաղաց: «Սկզբունքային» ընդդիմադիր լինելու այդ երկարատեւ տարիների ընթացքում Շավարշ Քոչարյանը հասցրեց բարեհաջող իրականացնել ղարաբաղյան կլանի բոլոր պատվերները: 2002 թվականին, երբ Շավարշ Քոչարյանը ԱԺ կրթության, գիտության եւ մշակույթի հանձնաժողովի նախագահն էր, նրա ակտիվ ու եռանդուն ջանքերի շնորհիվ ընդունվեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը, որի միջոցով գործող ռեժիմը փակեց «Ա1+» եւ «Նոյան տապան» հեռուստաընկերությունները: Հիշեցնենք, որ անգամ իշխանամետ որոշ կուսակցություններ էին այն ժամանակ դեմ սույն օրենքի որոշ դրույթներին: Բայց, փաստորեն, նույն «սկզբունքային» ընդդիմադիր Քոչարյանի շնորհիվ իշխանությունն առ այսօր հեռուստաեթերում անում է այն, ինչ ուզում է` խիստ վերահսկողություն սահմանել հեռուստաեթերի վրա, եթեր հեռարձակել միայն «լավատեսական լուրեր» եւ ապատեղեկացնել հանրությանը: Սույն բարեհաջող պատվերից հետո էլ, երբ Շավարշ Քոչարյանը ԵԽԽՎ պատվիրակության անդամ էր` «Արդարություն» խմբակցությունից, նա կարողացավ մեկ այլ «փայլուն» արդյունքի հասնել: Բանն այն է, որ Եվրախորհրդի ներկայացուցիչներն այն ժամանակ որեւէ կերպ չէին կարողանում հասկանալ Հայաստանի խորհրդարանական ընդդիմության գործողություններն ու վարքագիծը, քանի որ այդ ընդդիմության խոսնակը ԵԽԽՎ-ում` Շավարշ Քոչարյանը, ինչպես ժամանակին պնդում էին «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչները, բոլորովին այլ ինֆորմացիա էր տալիս ԵԽԽՎ-ին ընդդիմության ծրագրերի եւ քաղաքական գնահատականների վերաբերյալ: Իր քաղաքական կարիերայի այս փուլը «սկզբունքային» ընդդիմադիր Շավարշ Քոչարյանն ավարտեց սկանդալով, քանի որ «Արդարություն» խմբակցությունը, որը Քոչարյանին մեղադրում էր այն բանում, որ վերջինս հստակ պարտավորություններ է ստանձնել իշխանության առաջ, ետ կանչեց Քոչարյանին ԵԽԽՎ պատվիրակությունից: Խիստ մեծ էր Շավարշ Քոչարյանի դերը նաեւ 2005 թվականի Սահմանադրական հանրաքվեի ժամանակ: «Սկզբունքային» այդ ընդդիմադիրը, չնայած այն բանին, որ ընդդիմությունը որոշել էր բոյկոտել հանրաքվեն, քափ-քրտինք կտրած` զբաղված էր «Այո» քարոզելով, քանի որ մեծ ախորժակ էր պահել մարդու իրավունքների պաշտպան դառնալու համար: Բայց սա էլ չստացվեց: Դա, իհարկե, չի նշանակում, որ Շավարշ Քոչարյանը ձեռնունայն էր մնում, եւ նրա արածը չէր գնահատվում: Ընդդիմություն-ընդդիմություն խաղալու ընթացքում նա հասցրել է ֆինանսական լուրջ ձեռքբերումներ ունենալ: Ըստ որոշ տեղեկությունների, նրան է պատկանում Երեւանի հիվանդանոցներից մեկը, նա ունի ադամանդի վերամշակման արտադրամաս եւ այլն, եւ այլն: Սրան էլ զուգահեռ, Քոչարյանը, լինելով պատգամավոր, հասցրեց բյուջեի հաշվին մի լավ ճանապարհորդել տարբեր երկրներում: Դատելով Շավարշ Քոչարյանի անցած ուղուց` նա, իհարկե, միանշանակ հեշտությամբ կծախվեր նաեւ նախկին իշխանություններին, բայց այն ժամանակ գնորդ չուներ: Իսկ այսօր, փաստորեն, նա համալրեց նախկին ԱԺՄ-ականների այն կարկառուն դեմքերի ցանկը, որոնք վաճառվեցին քոչարյանասերժական կլանին` Սեյրան Ավագյան, Դավիթ Վարդանյան, Ֆիլարետ Բերիկյան եւ մյուսներ: Ինչպես երեկ ասում էր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, Շ. Քոչարյանը թող հստակ իմանա, որ մաս կազմելով իշխանությանը` նա դառնում է գործող ռեժիմի բոլոր հանցագործությունների մեղսակիցն ու պատասխանատուն:

«Եթե ես երբեւէ Շ. Քոչարյանին փողոցում տեսնեմ, նրան ասելու եմ, որ դու պատասխանատու ես մարտի 1-ի համար, դու պատասխանատու ես ցանկացած քաղաքական գործչի ապօրինի կալանավորման համար: Ասելու եմ, որ դու քաղաքական գործիչ չես, դու ընդամենը հանցագործ իշխանության սպասարկու ես: Իշխանությունները, իրենց հերթին, այնքան պատասխանատու պիտի լինեին, որ Շավարշ Քոչարյանի նման դուրս գրված ու անլուրջ քաղաքական գործիչներով պետական մարմինները համալրելով` այդքան չանլրջացնեին իշխանության համակարգը»,- ասում էր Սուրեն Սուրենյանցը:



Читайте также

Оставить комментарий