Քոչարյանը խուսափում է հրապարակային քաղաքականությունից

irevanaz.comՀայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցը կրկին ակտիվացրել է նրա հակառակորդներին և կողմնակիցների։ Նրան ընդդիմացողները հիշեցնում են Քոչարյանի կառավարման տասը տարիների արատները, կողմնակիցները՝ այդ տասը տարիներն իրենց հարմար լույսի ներքով համեմատում են այսօրվա հետ։ Սակայն այս ամենից վեր կանգնելով, ի վերջո, որևէ վատ բան չկա, եթե Ռոբերտ Քոչարյանը վերադառնա ակտիվ քաղաքականություն, նշում է 1in.am-ը:
Խնդիրն այս դեպքում այն է, որ վերադառնալով քաղաքականություն, հրապարակավ անելով այդ բանը, Ռոբերտ Քոչարյանը կկանգնի հասարակության առաջ և մեղմ ասած` ստիպված կլինի պատասխան տալ իր նախագահության տարիներին տեղի ունեցած ամեն ինչի համար: Հասարակությունը կստանա նրան ուղղակի և կոնկրետ հարցեր ուղղելու հնարավորություն, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ ստիպված կլինի մեկ առ մեկ պատասխանել իր նախագահության տարիների անցուդարձի մասին՝ սկսած Քի Ուեսթից, հոկտեմբերի 27-ից, ապրիլի 12-ից մինչև մարտի 1, տնտեսությունից մինչև արտաքին քաղաքականություն: Օրինակ` Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը դարձավ պատճառ, որ նա պատասխանի իր նախագահության տարիների մասին հարցերին:
Այլ խնդիր է, որ այդ պատասխանները ոչ բոլորին են բավարարում, այլ խնդիր է, որ եթե չեն բավարարում, ապա հասարակությունը պետք է հետամուտ լինի էլ ավելի խիստ, հետևողական և կոնկրետ հարցապնդումների, որոնցից խուսափելն ինքնին արդեն պատասխան կլինի: Բայց փաստը այն է, որ Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ անդրադառնալ թեմաների, որոնց մասին տարիներ շարունակ լռություն էր պահպանել: Նույն կերպ այժմ թող անի Ռոբերտ Քոչարյանը, ու այդ իմաստով նրա քաղաքականություն վերադառնալը, թերևս, կարող է ունենալ հասարակական էֆեկտ` այն իմաստով, որ Քոչարյանը ստիպված կլինի անդրադառնալ իր համար անցանկալի հարցերի:
Իհարկե, հնարավոր է նաև, որ Հայաստանի հասարակությունը նրան տալու հարց պարզապես չունի, և այդ իմաստով Քոչարյանի նախագահության շրջանի մասով ամեն ինչ պարզ է: Բայց, այդուհանդերձ այդ շրջանում տեղի են ունեցել բազմաթիվ նշանակալի իրադարձություններ, որոնց վերաբերյալ սպառիչ պատասխաններ ստանալը երբեք էլ ավելորդ չէ: Այնպես որ, երկրորդ նախագահն ինքն էլ թերևս գիտե, որ հարցեր միշտ էլ կգտնվեն: Ու ըստ երևույթին հենց դա է նաև պատճառը, որ նա խուսափում է հրապարակային քաղաքականությունից` իմանալով, որ ոչ բոլոր հարցերին կարող է գտնել համարժեք պատասխաններ:



Читайте также

Оставить комментарий