Պուտինի անունն օգտագործելով՝ ինչո՞վ է զբաղվում Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆինանսական մեքենայությունների, կոռուպցիոն գործարքների մասին փաստերն, իսկապես, հայտնվեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սեղանին: ՌԴ «Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական կազմակերպությունն» արդեն սկսել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆինանսական մեքենայությունների և անօրինական գործարքների մասին փաստող նյութերն ուղարկել ՌԴ համապատասխան մարմիններին, այդ թվում՝ այդ երկրի նախագահ Պուտինին: Փաստաթղթերի մի մասի արդյունքում Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության վարույթում հայտնվել է մի գործ, որը կապ ունի հենց Ռոբերտ Քոչարյանի անվան հետ: Իսկ գլխավոր դատախազությունում գործն հայտնվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սեղանից, որովհետև ՌԴ «Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական կազմակերպությունը» նամակ էր հղել Վլադիմիր Պուտինին՝ տեղեկացնելով, որ իրենց մոտ Հայաստանից ուղարկվել են փաստաթղթեր, որոնցում ներկայացված են փաստեր՝ խոշոր բիզնեսում ՀՀ նախկին նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում Ռոբերտ Քոչարյանի մասնակցության վերաբերյալ: Կրեմլից փաստաթղթերը հասցեագրվել են Գլխավոր դատախազությանը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՌԴ «Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական կազմակերպության» հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարինա Գալյուչենկոն տեղեկացրեց, թե որքան հասկանում է, իրենց ուղարկած փաստաթղթերն ընդունվել են «ի գիտություն»: Բայց, նրա խոսքերով՝ այդ փաստաթղթերն ուսումնասիրելն ու դրանց գնահատական տալը հետաքննական մարմինների գործն է: Իսկ դատախազությունից պատասխանն, ըստ նրա, կունենան առաջիկա 10 օրերի ընթացքում: «Մենք դեռևս պատասխանի ենք սպասում, այն ստանալուն պես կտեղեկացնենք հայկական կողմին, թե ինչ ընթացք են ստացել մեր ներկայացրած փաստաթղթերը: Դեռևս սպասողական վիճակում ենք»,- ասաց Մարինա Գալյուչենկոն:
Վերջինիս խոսքերով՝ սա շարունակական գործընթաց է լինելու, իրենք մի ամբողջ դոսյե են հավաքել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեքենայությունների մասին և պատրաստվում են հարմար առիթի դեպքում դրանք բոլորն ուղարկել ՌԴ համապատասխան մարմիններին: «Չեմ ցանկանում ասել, թե Ռոբերտ Քոչարյանի դեմ կոմպրոմատ ենք հավաքել, բայց տեղեկատվական մի ամբող լուրջ դոսյե հավաքել ենք», - նկատեց կազմակերպության ներկայացուցիչը:
Հարցին, թե ինչ են ակնկալում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, ով, շատերի կարծիքով, ինքն է հովանավորել Ռոբերտ Քոչարյանին և իր «դաբրո»-ն տվել, նա պատասխանեց, որ Պուտինին ուղարկվել են փաստաթղթեր, որպեսզի նա, ծանոթանալով դրանց, իմանա, թե իր անունն օգտագործելով՝ ինչով է զբաղվում Ռոբերտ Քոչարյանը:
«Այդ Քոչարյանն է ասում, որ Պուտինն է իրեն հովանավորում և «դաբրո» տալիս: Իսկ իրականում, ես կարծում եմ, որ ՌԴ-ի նման երկրի նախագահն ունի շատ այլ խնդիրներ և մտահոգություններ, քան ինչ-որ մեկին հովանավորելը՝ կոռուպցիայի համար: Երկրները պետք է ընկերություն անեն, ինչ-որ առումով աջակցեն իրար, քաղաքականապես համագործակցեն, բայց սատարել բիզնեսին, ինչին հղում է անում Ռոբերտ Քոչարյանը, ծածկվում նրա անվան տակ, չեմ կարծում, թե իսկապես այդպես է: Չեմ կարծքում, թե Պուտինը նրան «դաբրո» է տվել», - ասաց Մարինա Գալյուչենկոն: Վերջինիս համոզմամբ՝ այն, ինչ այսօր ՌԴ նախագահն է անում, ապացուցում է, որ ՌԴ-ում քաղաքական կամք կա վերացնելու կոռուպցիոն դրսևորումները կամ գոնե իջեցնելու դրանց մակարդակը: Ուստի կսպասեն, որ Վլադիմիր Պուտինն ընթացք տա նաև Ռոբերտ Քոչարյանի գործին, ինչպես դա արեց որոշ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների դեպքում:
Մ. Գալյուչենկոն նաև ասաց, որ «միջազգային կոռուպցիան քաղցկեղ է, որը ոչ միայն Հարավային Կովկասում է տարածված, այլև ամբողջ աշխարհում»: «Տեսնում ե՞ք, թե ինչ է կատարվում Կիպրոսում. դա աշխարհում կոռուպցիոն գործարքների հետևանք է: Կոռուպցիայի հետևանք է նաև համաշխարհային տնտեսական ճգնաժամը, ճգնաժամն Իսպանիայում, եվրոգոտում սպասվող ճգնաժամը: Այս ամենը հետևանք է միջազգային կոռուպցիայի: Ցանկանում եմ հատկապես շեշտել, որ կոռուպցիոն գործարքների բացահայտման համար անհրաժեշտ են ինչպես հասարակական կազմակերպությունների ջանքերն, այնպես էլ քաղաքական կամք բոլոր երկրների ղեկավարների կողմից, որպեսզի այս հանցավոր գործարքները բացահայտվեն:
Սինգապուրի օրինակը շատ դիպուկ է: Այդ երկիրը հաղթահարեց արատավոր երևույթները: Երկար մտածել պետք չէ, Սինգապուրի սխեման արդեն փորձված է, որը պարզապես օգտագործվեց Ավստրալիայում, Նոր Զելանդիայում։ Պետք է մեր երկրներում ներդնենք հենց Սինգապուրի մեթոդիկան: Միայն թե այստեղ քաղաքական կամքն ամենակարևոր նախապայմաններից է»,- ավարտեց իր խոսքը Մարինա Գալյուչենկոն:
Հիշեցնենք, որ ՌԴ «Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական կազմակերպությունը» Հայաստանում համագործակցում է «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի նախաձեռնած «Հակակոռուպցիոն կենտրոնի» հետ։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Մարինա Գալյուչենկոն, իրենք բարձր են գնահատում հայաստանյան կառույցի գործունեությունը, որը մի քանի ամիս է, ինչ գործում է, բայց հասցրել է մեծ օգուտ տալ: Իսկ Քոչարյանի գործունեության մասին փաստաթղթերը ռուսաստանյան կենտրոնի մոտ են հայտնվել Հայաստանից՝ «Հակակոռուպցիոն կենտրոնից»: