Երևանում Վլադիմիր Պուտինին պատրաստվում են դիմավորել բողոքի ակցիաներով

irevanaz.comՀայաստանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պատրաստվում են դիմավորել ոչ միայն հարթ ասֆալտապատած փողոցներով, այլ նաև բողոքի ակցիաներով:
Ընդ որում և՛ սոցիալական ցանցերում, և՛ դրանից դուրս թեժ քննարկումներ են ծավալվում բողոքի ակցիաների անցկացման և մասնակցության վերաբերյալ: Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը արդեն մի քանի այպիսի քննարկման մասնակցել է և կարծում է, որ ակցիաները պետք է զուտ Պուտինի դեմ ուղղված չլինեն:
«Ստացվում է այսպես, որ՝ պարո՛ն Պուտին, մեր իշխանությունը շատ լավն է, ինչո՞ւ եք եկել նեղության մեջ եք դնում մեր իշխանությանը: Դրանից ավելի կարևոր հարց կա, թե տեսնես այս անգամ ի՞նչ ենք զիջելու, ի՞նչ են տալու՝ մեզանից կտրեն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց նա:
Բարսեղյանը, ով Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ բերման էր ենթարկվել ոստիկանական բաժին, այլ երկրի զորախմբերի և օտար երկրի դրոշներով մասնակցության դեմ բողոքի խաղաղ քայլերթին մասնակցելու համար, հիմա չցանկացավ փակագծեր բացել առաջիկա ցույցերի կազմակերպչական աշխատանքի հետ կապված: Նա վստահ է, որ իշխանական ուժերը նույնպես օգտագործելու են իրենց ներուժը՝ հակառուսական մի ներկայացում բեմադրելով և այդպիսով եվրոպացիներին հաղորդագրություն ուղարկելով:
«Պրո-սերժական ինչ-որ մի խումբ կհանի բողոքի ակցիայի, Եվրոպային ցույց տալու համար, որ՝ տեսեք-տեսեք, մենք Եվրոպայի թելը չենք կորցնում, տեր եղեք մեզ, փող տվեք մեզ», - ասում է Լևոն Բարսեղյանը:
Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը գիտակցող և գնահատող հանրությունը պարտավոր է բողոքարկել դրանք վտանգի տակ դնելու բոլոր փորձերը, ասում էր Բարսեղյանը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր թողել այս թեմայի շուրջ, որտեղ բավական կոշտ գնահատականներ էր տվել այն մարդկանց, ովքեր Պուտինի այցի օրը դուրս չեն գա փողոց:
«Չեմ կիսում իմ գործընկերոջ, ընկերոջ՝ Արթուր Սաքունցի թունդ գնահատականը, թե ովքեր որ փողոց դուրս չեկան՝ «քուչի թուլա» են և այլն: Գուցե բորբոքված է եղել: Կարող է լինեն մարդիկ, ովքեր իսկապես բողոքում են, բայց փողոց դուրս գալու հնարավորություն չունեն», - ասում է նա:
Մաքսային միությանն անդամակցելու՝ Հայաստանի նախագահի հայտարարությունից հետո մայրաքաղաքում մի քանի ցույց կազմակերպվեց, որոնց 200-400 մարդ էր մասնակցում: Լևոն Բարսեղյանը չի ակնկալում, թե Պուտինի այցի օրերին մարդկանց թիվն ավելի մեծ կլինի, քանի որ իշխանությունները, ըստ նրա, հատուկ քաղաքականությամբ հյուծել են ժողովրդագրությունը, թուլացրել մարդկային ներուժը:
Հիշելով վերջին շրջանում իրավապահ մարմինների կոշտ վերաբերմունքը ցուցարարների նկատմամբ՝ դժվար է ենթադրել, որ ոստիկաններն այս անգամ ավելի հանդուրժողական կգտնվեն: Ըստ Բարսեղյանի, սակայն, հայ ոստիկաններին հերթ չի հասնի, քանի որ անվտանգության հարցերով այս անգամ կզբաղվեն առաջին հերթին հենց ռուսները:
«Ես չեմ կարծում, թե հնարավոր լինի 500 մետրից մոտիկ որևէ մեկը որևէ պաստառ ցույց տա Վլադիմիր Պուտինին: Շատ ստեղծագործ պիտի լինել՝ ձևը գտնելու համար», - ասում է Լևոն Բարսեղյանը:



Читайте также

Оставить комментарий