Պայքար ԲՀԿ-ի համար, կամ Քոչարյանն փորձում է ժամանակից շուտ խաղաքարտեր չբացել և չգրգռել Սերժ Սարգսյանին
«Մեդիամաքս»-ին տված հարցազրույցում խոսելով նախագահի ընտրության գործընթացի մասին` որպես իր չառաջադրվելու պատճառներից մեկը, Ռոբերտ Քոչարյանը մատնանշել էր քաղաքական կոմպրոմիսը մանր առևտրի վերածելու հանգամանքը:
Երկրորդ նախագահի այդ դիտարկումը ուշագրավ է հատկապես այն քաղաքական ուժի գործունեության համատեքստում, որի հեղինակության աճի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանը նախկինում մի քանի անգամ արտահայտվել է ակնհայտ գոհունակությամբ` ողջունելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարկանիշային հաջողությունները:
Մինչդեռ այժմ Ռոբերտ Քոչարյանը որևէ բան չասաց «Բարգավաճ Հայաստան»-ի մասին, որևէ կերպ չփորձեց անդրադառնալ այդ կուսակցության դիրքորոշմանը, որը հանրային և քաղաքական շրջանակներում ընկալվել է, մեղմ ասած, ոչ միանշանակ: Հայաստանում իրեն իշխանությանն այլընտրանք հայտարարող քաղաքական ուժը, որն ունի պաշտոնապես գրված 500 հազար քվե, և որը երկրորդն է խորհրդարանում, չի առաջադրում նախագահի թեկնածու, և դա այն դեպքում, երբ այդ ուժի ներկայացուցիչները իրենց առաջնորդին հռչակում են ամենավարկանիշային գործիչը: Ավելին` Ռոբերտ Քոչարյանի հավատարիմ զինակիցներից մեկը՝ Վարդան Օսկանյանը, ամեն կերպ փորձում էր համոզել Գագիկ Ծառուկյանին առաջադրվել:
Ահա այս ամենը Ռոբերտ Քոչարյանի տեսադաշտից դուրս է մնում, և նա անգամ կես բառով չփորձեց գնահատել ԲՀԿ-ի քայլը, որևէ կերպ քաջալերել այն ուժին, որի հեղինակության աճով ոգևորված էր ընդամենը մի քանի շաբաթ առաջ: Ռոբերտ Քոչարյանը չի փորձում քաջալերել ԲՀԿ-ին և ինչ-որ կերպ աջակցություն հայտնել այդ որոշմանը, այլ ԲՀԿ-ին պարզապես մատնում է անուշադրության, այսպես ասած` ցուցադրաբար անտեսում է:
Այստեղ, ըստ ամենայնի, նկատվում է նրա դժգոհությունը Գագիկ Ծառուկյանի որոշումից, և ամենայն հավանականությամբ երկրորդ նախագահը ցանկանում է որևէ կերպ դրսևորել այդ դժգոհությունը, քանի որ ներքաղաքական մրցակցության կոնտեքստում նա չի էլ փորձում հիշատակել ԲՀԿ-ի կամ Գագիկ Ծառուկյանի գործոնը` անգամ հետնախագահական զարգացումների կտրվածքով:
Կամ Քոչարյանն այդ առումով փորձում է ժամանակից շուտ խաղաքարտեր չբացել և չգրգռել Սերժ Սարգսյանին` մղելով ԲՀԿ-ին վերջնական հարված հասցնելուն, կամ էլ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է ընդգծել Ծառուկյանի համար, որ իր քաղաքական ծրագրերում նա այլևս չունի որևէ առանցքային դերակատարում, եթե, իհարկե, Քոչարյանն ունի քաղաքական հետագա ծրագրեր և չի պատրաստվում իսկապես անցնել քաղաքական թոշակառուի կարգավիճակի:
Սակայն այս տեսանկյունից էլ, իհարկե, հետաքրքրական է, թե արդյոք խոսքը կամ ակնարկը միայն կարող է Ծառուկյանի՞ն վերաբերել, թե՞ ԲՀԿ-ին` որպես կուսակցություն: Այսինքն` Քոչարյանը Ծառուկյանին մղում է երկրորդ պլան ԲՀԿ-ո՞վ, թե՞ ԲՀԿ-ն վերցնելով:
Քոչարյանը ակնարկում է իշխանական համակարգի մի մասի հանդեպ ունեցած հավակնությունների մասին` նշելով, որ վաղեմի գործընկերների միջև պայքարը կարող էր կիսել համակարգը և շատերին դնել բարդ ընտրության առաջ: Այլ կերպ ասած` նա ակնարկում է, որ համակարգում ունի յուրայիններ: Եվ, ըստ ամենայնի, Քոչարյանը դեռ կփորձի օգտագործել այդ բաղադրիչը:
1in.am