Ադրբեջանի ԱԳՆ-ն 2010-ի արդյունքներին նվիրված մամլո հաղորդագրություն է տարածել, որտեղ արտացոլված է նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցը
«Հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները 2010 թվականին շարունակվել են միջազգային իրավունքի և նորմերի շրջանակներում ընդունված փաստաթղթերին և որոշումներին համապատասխան, որոնք իրենց արտացոլումն են գտել 2008 թվականին Մոսկվայում ստորագրված՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարության մեջ»:
Այդ մասին ասված է ԱԳՆ մամլո հաղորդագրության մեջ:
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ պաշտոնական Բաքվի դիրքորոշումը մնում է անփոփոխ. տվյալ խնդիրը պետք է իր լուծումը գտնի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Բանակցությունները շարունակվել են՝ 2009 թվականի դեկտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված նորացված Մադրիդյան սկզբունքների հիման վրա:
Պաշտոնական Բաքուն շարունակել է հանդես գալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման, Հայաստանի օկուպացիոն զորքերը բոլոր օկուպացված տարածքներից դուրս բերելու, բռնի տեղահանվածների իրենց հարազատ օջախներ վերարձի, Ադրբեջանի Հանրապետության՝ Լեռնային Ղարաբաղ տարածաշրջանի ադրբեջանական և հայկական համայնքների համատեղ գոյատևման դիրքերից:
Հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման ուղղությամբ կատարված հիմնական քայլերից մեկը եղավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ 2010 թվականի հունիսի 26-ին կանադական Մուսկոկ քաղաքում ընդունած համատեղ հայտարարությունը, որտեղ իր արտացոլումը գտավ օկուպացված տարածքների ազատման, բռնի տեղահանվածների իրենց տներ վերադարձի և խնդրի կարգավորմանն ուղղված այլ սկզբունքների փուլային լուծման անհրաժեշտությունը:
2010 թվականի նոյեմբերի 19-20-ին Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերջնական բանաձևը նույնպես կոչ է պարունակում՝ տարածաշրջանային պետությունների, այդ թվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը աջակցելու, ինչպես նաև տարածաշրջանային հակամարտությունները նշված սկզբունքների հիման վրա լուծելու մասին», - ասված է մամլո հաղորդագրության մեջ: