Սոչիում կայացել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը

irevanaz.comՍոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը շարունակվեց մոտ մեկ ժամ:

Մեկնարկին Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևն ու Սերժ Սարգսյանը մի քանի րոպեանոց զրույց ունեցան լրագրողների ու տասնյակ տեսախցիկների առջև, խոսեցին խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտության մասին:

Ադրբեջանի նախագահը խոսեց 90-ականներին ՄԱԿ-ի կողմից ընդունված 4 բանաձևերի մասին:

«ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունել է 4 բանաձև, որոնք պահանջում են անվերապահորեն և անհապաղ Ադրբեջանի տարածքից հայկական օկուպացիոն ուժերի դուրսբերում: Ցավոք, արդեն անցել է ավելի քան 20 տարի, այդ բանաձևերը մնացել են թղթի վրա», - մասնավորապես, ասաց Իլհամ Ալիևը:

Հայաստանի նախագահը հակադարձեց․ - «Ադրբեջանական կողմը մշտապես վկայակոչում է ՄԱԿ-ի չորս բանաձևերը, բայց այսպիսի հարց պարոն Ալիևին՝ այդ բանաձևերից ո՞ր կետն է կատարել Ադրբեջանը»:

Ներածական մի քանի րոպեանոց խոսքում Ադրբեջանի առաջնորդը դժգոհեց Մինսկի խմբի ոչ արդյունավետ աշխատանքից ու դիմելով Ռուսաստանի նախագահին ասաց.

«Հուսով եմ, որ Ձեր անձնական մասնակցությունը այդ գործընթացում նոր ազդակ կհաղորդի բանակցային գործընթացին», - նշեց Ալիևը, - «Մինսկի խումբը՝ ի դեմս իր համանախագահների, աշխատում է, փորձում է մերձեցնել կողմերին, բայց դա այդքան էլ լավ չի ստացվում: Ուստի ես գտնում եմ, որ Ռուսաստանը՝ որպես մեր մտերիմ բարեկամ, գործընկեր և հարևան, ունի, իհարկե, յուրահատուկ դեր կարգավորման գործընթացում»:

Այն, որ Ռուսաստանն այս հարցում յուրահատուկ դեր ունի՝ չթաքցրեց նաև Կրեմլի առաջնորդը: 

Պուտինը հատուկ նշեց՝ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում կարգավորման զբաղվող բոլոր միջազգային ձևաչափերին և շարունակելու է աշխատել գործընկերների հետ, այդուամենայնիվ Ղարաբաղի հարցում, ըստ նրա, հակամարտող կողմերն ու Ռուսաստանն իրար այլ կերպ են հասկանում ու վստահում:

«Մեզ մոտ ամեն դեպքում յուրահատուկ, առանձնահատուկ սերտ հարաբերություններ են, այնպիսի խոր նախապատմություն է, որը թույլ է տալիս բացեիբաց մտքեր փոխանակել, թե որտեղ ենք մենք գտնվում և ինչ պետք է անել, որպեսզի առաջ շարժվենք անցյալից մեզ հասած այդ խնդիրների լուծման ուղղությամբ», - ասաց Վլադիմիր Պուտինը:

Միակ բանը, որ կրկնեցին երեք նախագահներն էլ, պնդումն էր, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով: Սերժ Սարգսյանն ընդգծեց փոխզիջումների անհրաժեշտությունը, Ալիևը հույս հայտնեց, թե լուծումը կհամապատասխանի ոչ միայն միջազգային իրավունքի նորմերին, այլև արդարությանը: Հանդիպումը նախաձեռնած Վլադիմիր Պուտինն էլ կոչ արեց համբերատարություն, խոհեմություն և միմյանց նկատմամբ հարգանք դրսևորել:

«Խաղաղ կարգավորումն, իրականում, ամենակարևորն է, քանի որ չկա ավելի ողբերգական բան, քան մարդկանց մահը: Պետք է, այնուամենայնիվ, ելնել նրանից, որ կոնֆլիկտային իրավիճակը ձևավորվել է վաղուց, մեզ է հասել անցյալից, մեզ է հասել, կարելի է ասել և պետք է ասել, որպես Խորհրդային Միության ժառանգություն, և մենք պետք է դրսևորենք համբերատարություն, խոհեմություն, հարգանք միմյանց նկատմամբ, որպեսզի այդ լուծումը գտնենք», - նշեց Ռուսաստանի առաջնորդը:



Читайте также

Оставить комментарий