Տեր-Պետրոսյան. «Սերժ Սարգսյանը, արբեցած ու ոգեւորված միջազգային հանրության օրհնությունից, թքած ունի երկրի հասարակական կարծիքի վրա»

irevanaz.comԸնդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատմամբ նախագահ Սերժ Սարգսյանի շահած չակերտավոր հաղթանակը չի նշանակում, որ նա այսօր ավելի ուժեղ է, քան պաշտոնավարման նախորդ ժամկետում:
Շուրջ մեկ տարվա դադարից հետո հրավիրած հանրահավաքում առաջին նախագահը հայտարարեց, թե բոլորը հիմքերը կան պնդելու, որ Սարգսյանն այսօր շատ ավելի թույլ է, եւ օր օրի ավելի է թուլանալու։
«Դրա նշաններն են` նախորդ հնգամյակում կուտակված ձախողումների անթաքուցանելի բեռը, ռեժիմի եւ անձամբ Սարգսյանի դեմ անընդհատ խորացող համաժողովրդական ատելությունը, երկրի առջեւ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերների բարդացումը, իշխանական ճամբարում սկիզբ առած եւ ծավալման միտումներ դրսեւորող գզվռտոցը, ինչպես նաեւ ժառանգորդի թեկնածության շուրջ ծագելիք անխուսափելի հակամարտությունը», - այսօր իր գլխավորած «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության հանրահավաքում հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, - «Ուստի եթե դեռ կան մարդիկ, ովքեր Սերժ Սարգսյանի «վերընտրություն» կոչվածը հաղթանակ են համարում, ապա շուտով կհասկանան, որ դա ընդամենը պյուռոսյան հաղթանակ է, այն էլ` տարած ոչ թե հակառակորդի, այլ սեփական ժողովրդի նկատմամբ»։
Գնահատելով նախագահի կառավարման երկրորդ ժամկետում Սերժ Սարգսյանի ձեռնարկած առաջին քայլերը՝ մասնավորապես Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում վերանշանակելը եւ Տարոն Մարգարյանին Երեւանի քաղաքապետի պաշտոնում առաջադրելը, կամ, ինչպես Տեր-Պետրոսյանը ձեւակերպեց՝ «վերընտրելուն ուղղված ահռելի ջանքերը», ընդդիմադիր կուսակցության առաջնորդը ասաց, թե այժմ նախագահի գերխնդիրն է՝ ժառանգորդի միջոցով լուծել իշխանության վերարտադրության հարցը. - «Սերժ Սարգսյանը, արբեցած ու ոգեւորված միջազգային հանրության օրհնությունից, թքած ունի երկրի հասարակական կարծիքի վրա եւ ամենեւին մտադիր չէ ոչ միայն հրաժարվելու ավազակապետության մինչ այժմ որդեգրած հանցավոր վարքագծից, այլեւ թեկուզ չնչին բարեփոխումների որեւէ տրամադրություն ցուցաբերելու։ Ուստի կասկած չկա, որ առաջիկա տարիներին, ինչպես անցյալում, նա առաջնորդվելու է ոչ թե երկրի ու ժողովրդի շահերով, այլ 2018 թվականին որեւէ մի հարմար ժառանգորդի կերպարանքով ռեժիմի վերարտադրությունն ապահովելու անթաքույց նպատակադրությամբ»։
Անցած նախագահական ընտրություններին ամփոփ գնահատական տալով` Լեւոն Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակի ամբիոնից հայտարարեց, թե ժողովուրդը շառաչուն ապտակ հասցրեց իշխանություններին, քանի որ նույնիսկ պաշտոնական տվյալներով ընդդիմադիր թեկնածուները միասին ստացան 42 տոկոս քվե:
Անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին՝ առաջին նախագահն ասաց՝ ոչ թե քաղաքապետի, այլ ռեժիմի ճակատագիրն է որոշվելու. - «Այն ինչ չհաջողվեց նախագահական ընտրություններում, քաղաքական ուժերի համերաշխ ու նպատակասլաց գործունեության եւ ժողովրդի առավել ակտիվության պարագայում կարող է հաջողվել այս ընտրություններում։ Ուստի որքան էլ չուզենան խոստովանել, Երեւանի ավագանու ընտրություններն իշխանությունների համար նույնիսկ ավելին են, քան քաղաքական հարցը, քանի որ դրանք շոշափում են իրենց գոյության իսկ խնդիրը»։
Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց ընդդիմադիր ուժերին մի կողմ դնել անհամաձայնություններն ու փոխադարձ կշտամբանքները եւ միասնական բռունցքով վճռական ճակատամարտ տալ։ Ըստ Կոնգրեսի առաջնորդի՝ ընդդիմության մաքսիմում ծրագիրը պետք է լինի ավագանու կազմում մեծամասնության ձեւավորելը, իսկ մինիմումը` թույլ չտալ, որ Հանրապետական կուսակցությունը 40 տոկոսից ավելի քվե ստանա. - «Հավատացած եմ, որ նախագահական ընտրություններից ընդամենը երկուսուկես ամիս անց, երբ դեռ մարած չի լինելու ռեժիմի դեմ ծառացած ժողովրդի ընդվզման լիցքը, կա՛ այդ հնարավորությունը, եւ ընդդիմության կողմից հանցագործություն կլինի չօգտագործել այդ լիցքն ու կորցնել նման հնարավորությունը»։
ՀԱԿ առաջնորդը անդրադարձավ նաեւ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարագրած գույքին, որի աղբյուրները բացահայտելու պահանջով Տեր-Պետրոսյանի գլխավորած Կոնգրեսը, հիշեցնենք, դատախազություն է դիմել. - «Իր ողջ չափահաս կյանքում բացառապես վարչական պաշտոններ զբաղեցրած մարդը ոչ մի երկրում չէր կարող օրինական ճանապարհով դիզել այնպիսի հսկայական կարողություն, ինչպիսին 10-12 տարվա ընթացքում հաջողվել է, չգիտեմ ինչ տաղանդի շնորհիվ, դիզել ՀՀԿ-ական այդ հրաշամանուկ թեկնածուին։ Զարմանալ կարելի է, թե որքան ցինիկ պետք է լինի մի իշխանությունը եւ որքան պետք է արհամարհի սեփական ժողովրդին, որպեսզի հասարակությանը ներկայանա ահա այսպիսի նկարագրի տեր թեկնածուով»։
Ուշագրավ է, որ մատնացույց անելով նախընտրական հանդիպումներում վերջին օրերին արձանագրվող միջադեպերը` Լեւոն Տեր-Պետրոսյանը «Հայ Ազգային Կոնգրեսին» զուգահեռ որպես ընդդիմություն մատնանշեց նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը. - «Վարչախումբը, մի կողմ դրած ընդամենը երեքամսյա հնություն ունեցող բարի ընտրություններ անցկացնելու մտադրությունը, կրկին վերադարձել է չար ու բռնի ընտրություններ անցկացնելու իր հին ու փորձված մեթոդին` գրեթե ամեն օր ոստիկանության եւ քրեական տարրերի միջոցով ահաբեկումներ ու սադրանքներ իրականացնելով ընդդիմության, մասնավորապես, «Հայ Ազգային Կոնգրեսի» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակտիվիստների նկատմամբ»։



Читайте также

Оставить комментарий