ԲԱՅՐԱՄՈՎ. ԲԱՔՈՒՆ ԲԱՐՁՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀՀ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻՆ ՀՂՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանի համար Հայաստանի Սահմանադրությունում միակ կարևոր հարցը «մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջների վերացումն է», - նախօրեին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:Նշելով, որ երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է վաշինգտոնյան պատմական գագաթնաժողովի ժամանակ, Բայրամը շարունակել է. -
«Համաձայնագրի նախաբանը և 17 հոդվածները հիմնված են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա: Ադրբեջանը բացահայտ հայտարարել է, որ համաձայն է վերջնականապես ստորագրել համաձայնագիրը միայն մեկ պայմանի դեպքում. Հայաստանի Սահմանադրությունից պետք է հեռացվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները»:
«Դա Հայաստանի ներքին գործընթացն է, և դրա իրականացման ժամկետների որոշումը դուրս է մեր հնարավորություններից: Ես չէի ցանկանա մեկնաբանել Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ այսօր ներկայացված առաջարկը: Դա Հայաստանի ներքին գործն է», - ասել է Բայրամովը և շարունակել. - «Մեզ համար միակ կարևոր հարցը նոր Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունն է: Դատելով հրապարակված տեքստից՝ ներկայումս նման պահանջներ դրանում չկան: Մենք դա շատ բարձր ենք գնահատում»:

