ԱԼԻԵՎՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԴՈՒԲԼԻՆՈՒՄ ՄՏՔԵՐ ԵՆ ՓՈԽԱՆԱԿԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ԱՌԱՋՄՂՄԱՆ ՇՈՒՐՋ


    Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 12-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Առաջնորդները մտքեր են փոխանակել խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ՝ հիմնվելով 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի արդյունքների և դրա շրջանակներում ստորագրված Վաշինգտոնյան համատեղ հռչակագրի վրա։

    Քննարկումները կենտրոնացած էին երկու երկրների միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված գործնական քայլերի վրա, այդ թվում՝ տրանսպորտային և տարանցիկ կապերի զարգացման, տնտեսական ու առևտրային հարաբերությունների, սահմանների սահմանազատման, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման շուրջ։

    Այս համատեքստում, ղեկավարները քննարկել են TRIPP-ի զարգացման ընթացքը, այդ թվում՝ դրա երկաթուղային և ավտոճանապարհային բաղադրիչների պլանավորումն ու նախագծումը, ինչպես նաև TRIPP-ի երթուղով տարանցիկ կապերի հեռանկարները։ Որպես դրական զարգացում նշվել է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից ապրանքների տարանցումը։ Անցյալ տարվա նոյեմբերից ի վեր Ադրբեջանի տարածքով Հայաստան է փոխադրվել, ընդհանուր առմամբ, 105 հազար տոննա բեռ։

    Կողմերը նաև մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական ու առևտրային հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունների, այդ թվում՝ էլեկտրաէներգետիկ ցանցերի առաջիկա փոխկապակցման շուրջ։
 
    Առաջնորդները ընդգծել են շրջակա միջավայրի և անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցության կարևորությունը և ողջունել անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը։
Կողմերը վերահաստատել են խաղաղության գործընթացում դրական դինամիկայի պահպանման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման ամրապնդմանն ուղղված երկխոսության շարունակման կարևորությունը։


Читайте также

Оставить комментарий