ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ
Հրապարակվել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը։ Այն ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր ֆեյսբուքյան գրառմամբ։Նոր Սահմանադրության նախաբանում բացակայում է հղումը Հայաստանի Անկախության հռչակագրին։
«Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, հանուն մեր պետականության հարատևության ու զարգացման, առաջնորդվելով մեր միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ, բարեկեցիկ պետություն կառուցելու առաքելությամբ և այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու հանձնառությամբ, ընդունում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։
Սահմանադրությունը մեր հավաքական պայմանավորվածությունն է Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին», - մասնավորապես գրված է նախաբանում:
Որ նոր Սահմանադրության նախաբանում չպետք է լինի Անկախության հռչակագրին հղում նախկինում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հրապարակելով նախագիծը՝ վարչապետն այսօր նշել է, որ կայքը ստեղծվել է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու համար առավելագույնս հարմարավետ լինի նոր Սահմանադրության նախագիծն ընթերցելը և դրա վերաբերյալ առաջարկներ ներկայացնելը։
Նախագծում փոփոխություններ են առաջարկվում նաև Ազգային ժողովի դերին և ընդդիմության իրավունքներին վերաբերող դրույթներում, կուսակցություններին ու ԶԼՄ-ներին վերաբերող կարգավորումներում։
Նոր Սահմանադրության նախագծով փոփոխվում է նաև Սահմանադրության կամ դրա փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշման ընդունման համար անհրաժեշտ ձայների շեմը։
«Ազգային ժողովը Սահմանադրության կամ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով», - նշված է նախագծում:
Գործող Սահմանադրությամբ այդ որոշման ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդը
Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հոդվածը մնում է անփոփոխ:
Նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է, որ Ազգային ժողովում դրա օգտին քվեարկի առնվազն 70 պատգամավոր։ Վերջին խորհրդարանական ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չստացած «Քաղաքացիական պայմանագիրն» առանց ընդդիմադիրների 6 ձայնի չի կարող ընդունել այդ որոշումը: Ընդդիմությունը համարում է, որ երկրի մայր օրենքը փոխվում է Բաքվի պահանջով, ուստի հայտարարում են, որ չեն աջակցի իշխանությանն նախագիծը հանրաքվեի դնելու հարցում:
Բաքուն որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման պահանջում է Հայաստանի Սահմանադրության նախաբանից հանել Անկախության հռչակագրին հղումը, որում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է տեսնում: Այդ փաստաղթում հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միավորման մասին: Արդեն հայտնի է, որ նոր Սահմանադրության նախաբանը չի պարունակելու հղում Անկախության հռչակագրին:

