ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՎԵՐԱՑՆԵԼ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՂԱՂ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԵՎ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

Հայաստանի հետ կայուն խաղաղության և խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Բաքվի կողմից անհրաժեշտ համարվող քայլերն է ներկայացրել Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով բանագնաց Էլչին Ամիրբեկովը Շվեյցարիայի պետական քարտուղար Ալեքսանդր Ֆազելի հետ Բեռնում կայացած հանդիպման ժամանակ:
APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ամիրբեկովը հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի և Հայաստանի գործող Սահմանադրության միջև գոյություն ունեցող իրավական անհամապատասխանության վերացումն անհրաժեշտ և անխուսափելի է խաղաղ գործընթացի անդառնալիության և ներկայումս ձևավորված դե ֆակտո խաղաղության կայունության տեսանկյունից:
Ամիրբեկովը տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացի և ձեռք բերված գործնական արդյունքների մասին: Ընդգծվել է, որ փոխադարձ վստահության ամրապնդումը, տնտեսական և առևտրային կապերի զարգացումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների միջև շփումները կարևոր դեր են խաղում երկու երկրների բնակչությանը խաղաղության առավելությունները հասցնելու հարցում:
Նա խոսել է նաև Ադրբեջանի և Նախչըվանի միջև տրանսպորտային հաղորդակցության վերականգնման ապահովմանը կոչված «Զանգեզուրի միջանցքի» իրականացման մասին, որի բաղկացուցիչ մասն է TRIPP նախագիծը: Այն, ըստ Ալիևի բանագնացի, կարող է ներդրում ունենալ տարածաշրջանային համագործակցության և խաղաղության ամրապնդման գործում:
Ադրբեջանը Հայաստանի Անկախության հռչակագրի՝ Հայաստանի և «Լեռնային Ղարաբաղի» միավորման մասին ձևակերպումները տարածքային պահանջ է համարում և Հռչակագրին հղումը Սահմանադրությունից հանելը խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման է դարձրել:
Հայաստանի վարչապետը օգոստոսի վերջին նոր Կառավարության ծրագիրը Ազգային ժողովում ներկայացնելիս հայտարարեց՝ Անկախության հռչակագրին հղումը նոր Սահմանադրությունում չպետք է լինի: Ժամկետներից Նիկոլ Փաշինյանը չխոսեց, միայն ասաց՝ նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի առաջիկա ամիսներին:


Читайте также

Оставить комментарий