ԷԼՉԻՆ ԱՄԻՐԲԵԿՈՎ. ԲԱՔՈՒՆ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎՍ ՄԵԿ ՓՈՒԼ ԱՆՑԿԱՑՆԵԼ

«Մենք հուսով ենք, որ շուտով կկայանա բանակցությունների հաջորդ փուլը, և կվերսկսվի խաղաղ համաձայնագրի նախագծի քննարկումը, որը, ի դեպ, մշակել է Ադրբեջանն ու առաջին անգամ ներկայացրել Հայաստանին ընդամենը մեկ տարի առաջ», - ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը՝ շեշտելով՝ համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ֆիզիկական բացակայության ֆոնին երկու կողմերն էլ նախագծերի փոխանակումները շարունակում են՝ կողմերից յուրաքանչյուրը ներկայացնում է իր դիտողությունները և փոփոխությունները։
«Մենք, և ոչ միայն մենք, հուսով ենք, որ Ադրբեջանի կողմից տարածքային ամբողջականությունը լիովին վերականգնելուց հետո, բանակցություններում բեկումնային կետի հասնելու հնարավորությունները շատ ավելի մեծացել են»,- նշել է նա։
Ամիրբեկովը նաև ասել է, որ հաղորդակցությունների բացումը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի անբաժանելի մաս է։
«Բանակցությունների հիմնական ուղղությունը Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումն է: Բացի հիմնական կետից, այն ընդգրկում է ևս երկուսը՝ հաղորդակցությունների բացում, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատում», - ասել է Ամիրբեկովը։
Խոսելով տրանսպորտային հաղորդակցության վերականգնումից՝ նա շեշտել է «Զանգեզուրի միջանցքը»՝ նշելով՝ «որպեսզի Ադրբեջանի քաղաքացիները կարողանան հեշտությամբ ցամաքային ճանապարհով հասնել Նախիջևան»։
«Խոսքը 42 կիլոմետր երկարությամբ երկաթգծի մասին է, որը, ցավոք, ավերվել է հակամարտության արդյունքում, խոսքը ոչ միայն բացակայող հատվածի կառուցման մասին է, ի դեպ, մեր կողմից այդ աշխատանքները գրեթե ավարտված են։ Նկատի ունեմ Հորադիզ-Ագբանդ հատվածը, ցավոք, հայկական կողմը չի էլ սկսել այս նախագծի տեխնիկական հիմնավորման աշխատանքները»,- ասել է Ամիրբեկովը։