ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՏ Է, ԲԱՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՈՎԻՆ ԳԻՏԱԿՑԻ ԻՐ ՀԱՄԱՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՕԳՈՒՏՆԵՐԸ

Խաղաղության գործընթացի այս վճռական փուլում, երբ կողմերն ընդհանուր առմամբ հեռու չեն խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունից, անհրաժեշտ է կոնկրետ արդյունքների հասնելու Երևանի անկեղծ հանձնառությունը, հաղորդում է ադրբեջանական Report-ը՝ նշելով, որ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հացազրույց է տցել The Guardian-ին։
Ամիրբեկովն ասել է, որ անցյալ շաբաթ հայկական կողմին հանձնելով խաղաղության համաձայնագրի տեքստի վերջին տարբերակը՝ Բաքուն սպասում է Երևանի արձագանքին։
«Հայաստանը պետք է լիովին գիտակցի իր համար Ադրբեջանի հետ խաղաղության բոլոր օգուտները և վերջնականապես հրաժարվի վնասակար պատրանքներից ու մեքենայություններից, որոնք ուղղված են խաղաղության գործընթացը խաթարելուն և մեր երկրի հետ ռազմական առճակատմանը վերադառնալուն», - ասել է Էլչին Ամիրբեկովը։
Ամիրբեկովը վերահաստատել է խաղաղության պայմանագիրն ու սահմանազատման գործընթացը միմյանցից տարանջատելու մասին Բաքվի դիրքորոշումը՝ նշելով՝ սահմանների հարցը կարող է լուծվել ավելի ուշ՝ հաշվի առնելով դրա բարդ և ժամանակատար բնույթը։
The Guardian-ի հետ զրույցում Ամիրբեկովն անդրադարձել է Ադրբեջան-Նախիջևան տրանսպորտային կապի ապահովմանը։ Նա ասել է, թե Բաքուն, երեք տարի Հայաստանից հստակ պատասխանի ապարդյուն սպասելուց հետո, այլևս ժամանակ կորցնելու մտադրություն չունի։
«Եթե Հայաստանը չի կարողանում հասկանալ Զանգեզուրի միջանցքի ստեղծման իր օգուտը, եթե դեռ շարունակում է Ադրբեջանի կողմից իր դեմ մոտալուտ ագրեսիայի անհեթեթ նարատիվներ տարածել և մտադիր է ապագայում էլ տարածաշրջանային փակուղում մնալ, ապա Ադրբեջանը անցնում է կոնկրետ գործողությունների և սկսում «պլան Բ»-ի իրականացումը՝ նախապատվությունը տալով հարևան Իրանի տարածքով վերոնշյալ տրանսպորտային կապերի ստեղծմանը», - ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը։


Читайте также

Оставить комментарий