ՎԱԴԵՖՈՒԼ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉՊԵՏՔ Է ԽՈՉԸՆԴՈՏԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՄԵՐՁԵՑՄԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԵՏ

Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը Յոհան Վադեֆուլը իր Բաքու և Երևան առաջին այցից առաջ քննադատել է Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում և կոչ արել Մոսկվային չխոչընդոտել տարածաշրջանի երկրների մերձեցմանը Եվրամիության հետ։

«Ռուսաստանի հարևան երկրների՝ Եվրոպայի հետ մերձեցման հարցը չպետք է որոշվի Մոսկվայում։ Հենց այդ պատճառով է կարևոր, որ Հայաստանն ու Ադրբեջանն ինքնուրույն որոշեն իրենց ապագան։ Ժամանակն է լսելու նրանց ձայնը և հաշվի առնելու նրանց շահերը», - նշել է Վադեֆուլը։

Նա մատնանշել է Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ և «Մոսկվայից հնչող ավելի ու ավելի բացահայտ սպառնալիքները»։ Գերմանիայի արտգործնախարարի գնահատմամբ՝ այս ամենը հստակ ցույց է տալիս, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում տեսնել ինքնիշխան պետությունների վրա հիմնված եվրոպական կարգ, որտեղ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր ճակատագիրը։

Վադեֆուլը Հարավային Կովկասի համար պատմական հնարավորություն է տեսնում
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասը շրջադարձային փուլում է և պատմական հնարավորություն ունի վերջ դնելու տասնամյակների պատերազմներին, բռնություններին և տեղահանություններին։

Նա ընդգծել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցաբերած «քաջությունն ու պատասխանատվությունը»՝ հիշեցնելով, որ 2025 թվականին նրանք նախաստորագրել են երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը։

«Հիմա գլխավորն առաջ վստահորեն շարժվելն է», - ասել է նախարարը՝ հավելելով, որ Գերմանիան պատրաստ է Ադրբեջանի և Հայաստանի հուսալի գործընկերն ու բարեկամը լինել այդ գործընթացում։


Читайте также

Оставить комментарий