ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎԸ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԱՐԿՈ ՌՈՒԲԻՈՅԻ ՀԵՏ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։Այս մասին հաղորդում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության զարգացման ներկա վիճակը և հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Բարձր են գնահատվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովից հետո Ռազմավարական գործընկերության մասին խարտիայի նախապատրաստման վերաբերյալ երկկողմ շփումներն ու քննարկումները, և կողմերը հույս են հայտնել նախագծի հնարավորինս շուտ համաձայնեցման և ստորագրման վերաբերյալ։ Ընդգծվել է, որ այս ուղղությամբ սահմանվելիք առաջնահերթությունները լրացուցիչ ազդակ կհաղորդեն երկու երկրների միջև հարաբերություններին։
Ջեյհուն Բայրամովը, իր հերթին, զրուցակցին է ներկայացրել Բաքվի դիրքորոշումը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և խաղաղության հեռանկարների վերաբերյալ։

