ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

Կառավարության կայքէջում հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր:
Ինչպես նշված է այդ փաստաթղթերին կից, դրանք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։
Տեղադրված են նաև հրապարակայնորեն հասանելի մի շարք փաստաթղթեր, որոնք ուղիղ առնչություն ունեն առաջին խումբ փաստաթղթերի հետ։
Հրապարակված փաստաթղթերի թվում են ԵԱՀԿ ՄԽ առաջարկները (2016թ.) 2019 թ., Կրակովի փաստաթուղթը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին (օգոստոս, 2016թ.), Կազանի փաստաթուղթը, ՌԴ փաթեթային առաջարկները, Մադրիդյան սկզբունքները, Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման տարբերակը, ԵԱՀԿ ՄԽ համապարփակ առաջարկները, ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունը Լիսաբոնի գագաթնաժողովին, Բուդապեշտի գագաթնաժողովի հայտարարությունը, ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը: Սակայն, հայտնի չէ՝ արդյոք բանակցային բոլոր փաստաթղթերն են սրանք, թե ոչ, անհայտ է նաև, ինչ սկզբունքով են ընտրվել հրապարակումները:
Այս փաստաթղթերի շարքում չկա Քի Վեսթի տարբերակը, իսկ Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման տարբերակը պաշտոնական փաստաթուղթը չէ, այլ «Հայկական ժամանակ»-ում 2008 թվականի հրապարակումը:


Читайте также

Оставить комментарий