ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ՈՐԴԵԿՈՐՈՒՅՍ ՄՈՐ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ

Հայ ազգային կոնգրեսի ղեկավարը նշել է, որ թվում է, թե Հայաստանի ներքաղաքական լարվածության թուլացումն առաջին հերթին պետք է լիներ իշխանությունների պարտականությունն ու մտահոգությունը. - «Սակայն, ինչպես տեսնում ենք, հենց նրանք են, որ իրենց լկտի ու անհեռատես արարքներով ավելի ևս բորբոքում են այդ լարվածությունը: Այսպես շարունակվելու դեպքում մեր երկրին շատ ավելի տխուր, եթե ոչ պայթյունավտանգ հեռանկար է սպասում»:
Սա արձանագրելով հանդերձ՝ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը միաժամանակ անհրաժեշտ է համարել նշել, որ անընդունելի են նաև իշխանության ներկայացուցիչների ընտանիքի անդամների նկատմամբ անպարկեշտ վերաբերմունքի դրսևորումները:
Վարչապետի որդուն առևանգելու համար մեղադրվող Գայանե Հակոբյանը մեկ ամսով կալանավորվեց։ Նա մեղքը չի ընդունում, նրա փաստաբանները դատական նիստից հետո հայտարարեցին, որ կալանքի որոշումը կբողոքարկեն։
Ըստ Քննչական կոմիտեի՝ Աշոտ Փաշինյանը ցուցմունք է տվել, որ որդեկորույս մայր ներկայացած կինն իրեն հրավիրել է ավտոմեքենայում զրուցելու, սակայն անսպասելի սկսել է այն անկանոն վարել ու նաև մահվան սպառնալիք հնչեցրել։ Դրանից հետո Փաշինյանն, ըստ իրավապահների, մեքենայի ընթացքի ժամանակ դուրս է նետվել ու վրաերթի ենթարկվել ծնողների մեկ այլ խմբի մեքենայի կողմից։