Եղիազար Այնթապցի. «Անսպասելի Տեր-Պետրոսյանը»
Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ինչ-որ իմաստով անսպասելիորեն հանդես է եկել հայտարարությամբ, որում խոսում է Հայաստանին սպառնացող դեֆոլտի մասին՝ միաժամանակ թատրոն որակելով այն փոփոխությունները, որ այսօր կատարում է իշխանությունը:
Այս հայտարարությունն անսպասելի է այն առումով, որ ՀԱԿ-ը ապրիլյան պատերազմից հետո էապես փոխել էր իշխանությունների հետ հարաբերությունների ռեժիմը, տեղի էին ունեցել Տեր-Պետրոսյան-Սարգսյան հանդիպումներ, ՀԱԿ-ը զգալիորեն նահանջել էր ներքին խնդիրներից և սկսել նաև բանակցություններ Ընտրական օրենսգրքի թեմայով, իսկ Տեր-Պետրոսյանն էլ և՛ ապրիլյան պատերազմի ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի, և՛ հուլիսյան ծանր զարգացումների առումով հանդես էր եկել ելույթներով, որոնցում ըստ էության պատասխանատվության հիմնական մասը Սերժ Սարգսյանի վրայից դրել էր Ռոբերտ Քոչարյանի վրա:
Եվ ահա այս տեսանկյունից, իհարկե, անսպասելի է, որ ՀԱԿ առաջնորդը հանկարծ որոշում է հանդես գալ նման դիրքորոշմամբ և կոշտ գնահատականներով: Մյուս կողմից՝ ամեն ինչ կարծես թե «սպասելիի» շրջանակում է տեղավորվում, երբ դիտարկում ենք վերջին ՏԻՄ ընտրություններում և հատկապես Գյումրիում ու Վանաձորում ՀԱԿ-ի ցուցանիշները, որոնք, մեղմ ասած, անմխիթար են խորհրդարանական ընտրություններից վեց ամիս առաջ:
Եվ, բնականաբար, հարց է առաջանում՝ եթե իշխանությունները չեն օգնելու ՀԱԿ-ին լավ ցուցանիշների հարցում, ինչո՞ւ պետք է ՀԱԿ-ն օգնի իշխանություններին: Այսինքն՝ շատ հավանական է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հայտարարությամբ ըստ էության փորձում է բարձրացնել իշխանությունների հետ հարաբերությունների գինը, որ հաստատել էր ապրիլյան պատերազմից անմիջապես հետո:
Մյուս կողմից՝ Տեր-Պետրոսյանի արձագանքի պատճառների շարքում, իհարկե, հավանաբար միայն ՏԻՄ ընտրությունների արդյունքները չեն, այլ նաև քաղաքական դաշտում տեղի ունեցող վերադասավորումները, որոնցում ակնհայտորեն նկատելի է իշխանության ձեռքը: Մասնավորապես, հետաքրքրական է, որ առաջին նախագահի հայտարարությունը հաջորդում է ըստ էության ակտիվ քաղաքականություն Վիկտոր Դալլաքյանի մուտքին, որն անկասկած կատարվում է Սերժ Սարգսյանի իմացությամբ և, ըստ ամենայնի, հեռահար նպատակներով:
Սակայն ամենաուշագրավը երևի թե Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին խոսակցություններն են, որոնք ավելի ու ավելի են առարկայանում, և արդեն նշվում են նույնիսկ ժամկետներ՝ նոյեմբեր: Եվ որպես Գագիկ Ծառուկյանի, այսպես ասած, երբեմնի «քաղաքագիտական հովանավոր» և նրա բուրժուադեմոկրատական քաղաքական փաթեթավորման հեղինակ՝ ՀԱԿ առաջնորդը երևի թե փորձում է ակնարկել, որ նրա վերադարձի պարագայում ՀԱԿ-ն էլ պետք է հավակնի ինչ-որ դերակատարության կամ ստանա նրա վերադարձի իր բաժինը: