Մուսա Միքայելյան. «Խլացնելը չի նշանակում լուծել. Հայաստանը ցնցումների սահմանագծին»

irevanaz, irevanԽորհրդարանի ընտրության «հետցնցումներ» կամ պարզապես հետընտրական զարգացումներ կարծես թե չեն լինում: Ապրիլի 2-ից հետո տեղի ունեցած ընտրությունների արդյունքներում խորհրդարանական անցողիկ շեմը չհաղթահարած գործնականում բոլոր ուժերը հանդես են եկել հայտարարություններով, որոնցում, իհարկե ոչ ուղղակի, սակայն ըստ էության շատ հստակ մատնանշվում է, որ չեն պլանավորվում հետընտրական որևէ զարգացումներ: Անգամ այդ իմաստով ամենառադիկալ տրամադրվածությամբ հանդես եկող ՕՐՕ դաշինքը իր հայտարարությամբ չընդունելով ընտրությունների արդյունքները և համարելով դրանք կեղծված, այդուհանդերձ որևէ կոչ չի արել հետընտրական բողոքի դրսևորումների համար: Այնուհանդերձ, դաշինքը իր հայտարարության մեջ նաև միակն է մնացյալ չանցած ուժերից, որը բավականին բազմիմաստ խոսել է այն մասին, որ ներկայիս վիճակը չի կարող երկար շարունակվել, փոփոխությունները անխուսափելի են, և իրենք լինելու են առաջին շարքերում:
Իհարկե բաց է թողնված հարցը, թե ով կամ ինչից, ինչպես պետք է սկսի փոփոխությունները, ընդհատի ներկայիս իշխանությունների գործունեությունը: Այսինքն դժվար է հասկանալ, սա սպառնալիք է, նախազգուշացում, ազդակ, թե պարզապես հուսահատ կոչ, որը հնարավոր չէր չանել, հաշվի առնելով մինչ այդ դաշինքի բավականին կոշտ և արմատական հռետորաբանությունը, հաշվի առնելով նաև այն, որ ՕՐՕ դաշինքն ակնհայտորեն փորձում էր վայելել «Սասնա ծռերի» և նրանց համակիրների աջակցությունը և ներկայումս որոշակիորեն պարտավորված է պահել որոշակի հռետորաբանություն:
Հետընտրական ցնցումների բացակայությունն իհարկե կարելի է որակել ներկայիս ընտրական գործընթացի բացառիկ դրական դրսևորումներից մեկը, քանի որ որպես կանոն նման ցնցումները պետությանը ոչինչ չեն տալիս, հասարակությանը ոչինչ չեն տալիս և ընդամենը դառնում են հասարակության ու պետության անունից ինչ-ինչ հարաբերությունների պարզման հարթակ, հաճախ նույնիսկ ողբերգական հարթակ: Այդուամենայնիվ, հստակ է նաև մի բան. այն, որ ընտրություններն անցնում են անաղմուկ, այն որ չկան հետընտրական բողոքի դրսևորումներ, ցնցումներ, չկան նաև դրանց առերևույթ հիմքեր, հասարակական պահանջ և այլն, ամենևին չի նշանակում, որ հայաստանյան իրականության մեջ նվազագույնի են հասցված կամ առավել ևս չեզոքացված են այն երևույթները, որոնք կարող են տալ լարվածության նորանոր բռնկումների առիթներ: Խնդիրները խլացնելն ու լուծելը տարբեր բաներ են:
Ընտրությունների այս գործընթացում Հանրապետական կուսակցությունը նաև «Բարգավաճ Հայաստանին» վերստին խաղի մեջ մտցնելով կարողացել է ընդամենը խլացնել խնդիրները, բայց դրանք ներկայումս էլ նույնքան հեռու են լուծումներից, որքան հեռու էին ընտրություններից առաջ: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը միշտ շատ մոտ է գտնվելու այն սահմանին, այն գծին, որից այն կողմ բանականությանը փոխարինում են բնազդներն ու սահուն ընթացքին փոխարինում են ցնցումները, վտանգավոր և թեժ բռնկումները: Դրանք կանխվում են ոչ թե խլացուցիչ տեխնոլոգիաներով, այլ բարեփոխումներով՝ համակարգային, խորքային և դինամիկ բարեփոխումներով, որոնք շոշափելիորեն դրսևորվում են քաղաքացիների, հանրային օրգանիզմը կազմող տարբեր սոցիալական շերտերի կյանքում, ոչ թե միայն բարձրաստիճան պաշտոնյաների, Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի, Վիգեն Սարգսյանի կամ այլ ՀՀԿ-ականների հրապարակային ելույթներում կամ ընտրական արդյունքը ստանալուն ծառայած օլիգարխների և նրանց թիմերի կենսամակարդակում:



Читайте также

Оставить комментарий