ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՈՒՆԵՑԵԼ ԵՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ, ԲԱՅՑ ՄԻ ՇԱՐՔ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ՏԱՐԱՄԵՏ
ԱՄՆ մայրաքաղաքի Արլինգթոն արվարձանում անցկացված բանակցություններում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները երկկողմ համաձայնագրի նախագծի «որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»: Այս մասին ասված է բանակցությունների արդյունքներով կողմերի տարածած միասնական հաղորդագրությունում:
«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 1-4-ն Արլինգթոնում (ԱՄՆ Վիրջինիա նահանգ) անցկացրել են բանակցություններ: Նախարարները հյուրընկալվել են Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում։ Վաշինգտոնում նախարարները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և նախագահի օգնական և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Նախարարները ներկայացրել են իրենց տեսակետներն առկա իրավիճակի շուրջ և իրենց դիրքորոշումներն են հայտնել հարաբերությունների կարգավորմանն առնչվող գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ», - ասված է հաղորդագրությունում:
«Նախարարները և նրանց թիմերն «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ:
Երկու նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ամերիկյան կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար։ Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները», - նշված է հաղորդագրությունում: